«Ամեն մի գործարք այս վերջին յոթ-ութ ամսվա ընթացքում ծածկում է նախորդի պատկերը, այնքան ցցուն, բոլորի շահերին կպնող գործընթացներ են եղել, և′ սեպտեմբերի երեքը, և′ գազը, և′ ջուրը, և′ թոշակները, ամեն եկող երևույթ ծածկում է հնի ուժգնությունը»: Այս մասին այսօր' Ազգային ժողովում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործունեության մասին Ռոբերտ Նազարյանի զեկույցից հետո, իր ելույթում ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

 

Վերջինիս խոսքով' նման վաճառք է նաև «Որոտանի» ՀԷԿ-ի վաճառքը:

 

«Նոյեմբերին կառավարությունը շատ լավ իմանալով, որ վաճառելու է «Որոտանը» նրան ամրացրել է գույք՝ չորս ռազմավարական ջրամբար, և դա արվել է, որպեսզի կառավարությունը դժվարություններից ազատվի, այդ ամենը հեշտությամբ վաճառի, ամրացրել է Որոտանին», - ասաց Արամ Մանուկյանը:

 

Վերջինս հիշեցրեց երեկ տեղի ունեցած ԱԺ-ի կառավարության հետ հարցուպատասխանը. «Երկու նախարարներ իրար հակասում էին՝ խոսելով «Որոտանի» վաճառքի մասին: Չեն էլ հասցնում իրար հետ ներդաշնակության մեջ մտնել»,-ասաց նա և մեջբերեց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հայտարարությունը, թե ոչ թե կառավարությունն է վաճառել, այլ «Որոտան» ՓԲԸ-ն, իսկ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն էլ ասաց, որ կառավարությունն է վաճառել, քանի որ արդեն քառասուն տարեկան է, իսկ նման կասկադների համար լուրջ կապիտալ ներդրումներ են պետք, որը չկա:

 

«Հակասեցի՞ն իրար, գոնե գնացեք, իրար հետ պայմանավորվեք, որ մեկը չասի կառավարությունն է վաճառել, մեկն ասի ՓԲԸ-ն է վաճառել»,- ասաց Արամ Մանուկյանը և նկատեց. «Արմեն Մովսիսյանն ամենահին նախարարն է, 2001-ից նախարար է. հնությունը չափանի՞շ է վաճառելու, օտարելու համար, այդ տրամաբանությամբ գնանք՝ Մատենադարան կա, Էրեբունի կա, արգումենտ չունենք վաճառքի համար: Եթե ուրիշ բան կա, թող հավաքեն խմբակցությունների ղեկավարներին, ասեն' այս խնդիրն ենք լուծում»,-ասաց պատագմավորը:

 

Պատգամավորը նշեց, նաև, որ երկրում բոլոր հարցերը մեկ տեղ են լուծվում՝ նախագահական նստավայրում, և ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը չի կարող պայքարել օլիգարխների ու մանիպուլյացիաների դեմ, իսկ Ռոբերտ Նազարյանն էլ չի կարող ոչինչ անել գների դեմ:

 

«Խի կարո՞ղ է Ալեքսանյանի դեմ պարոն Նազարյանը դուրս գա, նշանակում է դուրս գա Սերժ Սարգսյանի դեմ, նույնը Շաբոյանը, կարո՞ղ է դուրս գալ Սերժ Սարգսյանի դեմ, էդ քանի՞ գլուխ ունի»,-ասաց նա:

 

Վերջինիս արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով հորդորեց գնահատականներ հնչեցնելուց առաջ կոռեկտություն պահպանել: «Հարգալից վերաբերմունք ակնկալելու դեպքում նախևառաջ յուրաքանչյուրս պետք է հարգալից լինենք մեր ընդդիմադիրների առաջ և քար նետողը պետք է պատրաստ լինի ստանալ ավելի մեծ քար: Նախքան կառավարությունից հարգանք պահանջելը, ընդդիմադիրները պետք է հարգեն կառավարությանը, խորհրդարանին ու օգտագործեն պառլամենտական բառապաշար», - ասաց Շարմազանովը: