Ձմեռային զորակոչն ավարտվել է պլանի կատարմամբ և 100 տոկոսանոց ցուցանիշով: «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի գնահատմամբ' ծնողները զորակոչի ընթացքից դժգոհ չեն եղել, իսկ դիմումներին զինկոմիսարիատներում ընթացք են տվել: Նրա խոսքով' այն զինվորներն, ովքեր ունեցել են առողջական խնդիրներ և սահմանափակումներով զորակոչվելու իրավունք, կամ ազատվել են կամ ծառայում են սահմանափակումներով: «Սահմանափակումը չի նշանակում, որ տղաները ֆիզպատրաստության չեն մասնակցելու և սահման չեն պահելու»: Այս մասին այսօր' փետրվարի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մարգարիտա Խաչատրյանը: Մարգարիտա Խաչատրյանը խորհուրդ տվեց զինվորների ծնողներին, երեխաների մոտ առողջական խնդիրներ ի հայտ գալու պարագայում, ոչ թե սպասել մինչև զորակոչի մեկնարկը, այլ քայլեր ձեռնարկել դրանց բուժման համար:

 

Մարգարիտա Խաչատրյանը հավելեց, որ եթե սոցիալապես վատ պայմաններում ապրող երեխան չի կարողացել ամբողջությամբ բուժվել, դիմելու դեպքում կազմակերպությունը միջնորդում է, որպեսզի բուժում ստանա մինչ զորակոչվելը, կամ եթե արդեն զորակոչվել են, հոսպիտալացվեն և այնտեղ ստանան բուժօգնություն:

 

Հայաստանում ավարտվել է 2013թ. ձմեռային զորակոչը: Զորակոչն իրականացվեց դեկտեմբեր-հունվարին: Այս զորակոչի առանձնահատկություններից մեկն այն էր, որ այն անցկացվում էր վիճակահանությամբ, որի ընթացքում զորակոչիկներ համապատասխան տուփերից հանում էին այն զորամասերի համարները, որտեղ իրենք զորակոչվելու էին: Զորակոչի նոր կարգը գոհացնում է ինչպես Պաշտպանության նախարարությանը, այնպես էլ զորակոչիկներին և նրանց ծնողներին: