Թուրքիայում համացանցից օգտվելու վերաբերյալ ընդունած նոր օրենքը դժգոհություն և մտահոգություն է առաջացրել միջազգային կառույցների շրջանում: Ինչպես հաղորդում է թուրքական «Զաման» պարբերականը, օրենքի քննադատությամբ են հանդես եկել Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը և ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

 

Շուլցը նոր օրենքը որակել է իբրև հետընթաց քայլ, որը կվնասի նաև Թուրքիայում մամոլի ազատությանը: ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, անդրադառնալով նոր օրենքին, Twitter-ի իր էջում գրել է. «Թուրքիայում ընդունված ինտերնետային օրենքը լուրջ անհանգստություններ է առաջացնում»: Նա նշել է, որ թուրքական հանրությունը կարիք ունի ավելի շատ տեղեկատվության և հասանելիության, և ոչ թե սահմանափակումների:

 

Շտեֆան Ֆյուլեի մամուլի քարտուղար Պետեր Ստանոն ևս անդրադարձել է խնդրին' ընդգծելով, որ այն Եվրոպայում լուրջ անհանգստություն է առաջացնում: Նրա կարծիքով' պետությունը պետք է ևս մեկ անգամ աչքի անցկացնի օրենքը' հարմարացնելով այն եվրոպական ստանդարտներին:

 

Համացանցի վերաբերյալ օրենքին անդրադարձ է կատարվել նաև համաշխարհային մամուլում: Այնպիսի լրատվամիջոցներն, ինչպիսիք են Reuters-ը, BBC-ն, AFP-ն, իտալական Corriere Della Sera-ն, իրենց հրապարակումներում նշել են, որ այսպիսի օրենքով Թուրքիան լռեցրել է համացանցը:

 

Թուրքիայի Ազգային մեծ ժողովն ընդունել է օրենք, որը սահմանափակումներ է մտցնում համացանցի օգտագործման ոլորտում: Նոր օրենքի համաձայն' տրանսպորտի, ծովագնացության և հաղորդակցության նախարարություններն իրավունք են ստանում առանց դատական որոշման փակել մուտքը դեպի ցանկացած ինտերնետային կայք: Օրենքն ընդուվել է փետրվարի 5-ի երեկոյան' պատգամավորների քվեարկությամբ և ուղարկվել նախագահին հաստատման համար: