Գազի հարցերը քննարկող ժամանակավոր հաձնաժողով ստեղծելու քաղաքական չորս ուժերի նախաձեռնությունը «բարեհաջող» կերպով տապալվեց խորհրդարանական մեծամասնության կողմից: Այս մասին այսօր, Ազգային ժողովում' լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ իրենց գնահատակը միանշանակ է:
«Կառավարությունը, խորհրդարանական մեծամասնությունը, հիմնական հարցերի պատասխանները, որոնք բարձրացվել էին քաղաքական չորս ուժերի կողմից, չունեին, ուստի իրենք հերթական անգամ ընտրեցին փախուստի, այն է՝ նախագիծը տապալելու տարբերակը: Հիմա կարծես թե փորձ է արվում ինչ-որ նմանօրինակ նախաձեռնությամբ հանդես գալ, եթե նախաձեռնությունը հերթական իմիտացիան է լինելու, գոլորշի բաց թողնելու համար, որովհետև իրապես հանրությունը մեծապես վրդովված է այս խնդրով, ապա մենք կքննարկենք ընդհանրապես մասնակցել, միանալ այդ նախաձեռնությանը, թե ոչ»,-ասաց Զոհրաբյանը:
Վերջինիս խոսքով' իրենք դեռևս կտեսնեն, թե մինչ ֆորմատով է լինելու ՀՀԿ-ի նախաձեռնությունը:
«Մենք որևէ ամբիցիա չունենք, եթե իրենց նպատակն այն է, որ նախաձեռնության հեղինակն անպայմանորեն իրենք լինեն, քավ լիցի, թող այդ հանձնաժողովը կոչվի Հանրապետական կուսակցության անվան գազի հանձնաժողով»,-ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղարը: