Երիտասարդների արագահաս բարեխոս Սուրբ Սարգսի տոնը նշանավորվելու է բազմաթիվ միջոցառումներով: Այս տարի այն նշվելու է փետրվարի 15-ին: Տոնակատարություններն էլ մեկնարկելու են փետրվարի 10-ից: Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում լրագրողների հետ հանդիպմանը ԱՀԹ երիտասարդական կառույցների հոգեւոր առաջնորդ արժանապատիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը նշեց, որ այս տարի Սուրբ Սարգսի նախ ատոնակը համընկնում է Տեառնընդառաջի հետ: «Փետրվարի 15-ին Սուրբ Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում պատարագ կմատուցվի, որից հետո կկատարվի երիտասարդների օրհնության կարգ: Նույն օրը Սուրբ Սարգիս եկեղեցուց խաչապտույտ կիրականացնեն դեպի Սիրահարների այգի»,- ասաց նա:

 

ԱՀԹ Ինտերնետային քարոզչության պատասխանատու Էլզա Մանուկյանի խոսքով'տոնի շրջանակներում այս տարի երկու մեծ անակնկալ է սպասվելու հավատացյալներին: «Այս տարի Էջմիածնից Սուրբ Սարգիս եկեղեցի կբերեն Սուրբ Սարգիս զորավարի մասունքները: Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցի կբերվի նաեւ 17-րդ դարի ձեռագիր Ավետարանը»,- ասաց նա:

 

Սուրբ Սարգսի տոնի առթիվ փետրվարի 14-ի երեկոյան Կարապի լճի մոտ հայ երգիչերի մասնակցությամբ համերգ կկայանա: Գեղագիտության ազգային կենտրոնում, ինչպես նաեւ Հայաստանի նկարիչների միությունում ցուցահանդեսներ կկազմակերպվեն:

 

Ն.Ա.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ այն հռչակված է երիտասարդների օրհնության օր: