Կաննի միջազգային կինոփառատոնի կինոշուկայում նախորդ տարի ներկայացված «Որսորդ» կարճամետրաժ ֆիլմն ընդգրկված է Մանհեթենի միջազգային կինոփառատոնի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։ Արմատներով արցախցի ռեժիսոր Արա Առուշի (Առուշանյան) կինոնկարը ևս 12 երկրի ֆիլմերի հետ կցուցադրվի ՄԱԿ-ի կինոսրահում։ Մանհեթենի փառատոնը կանցկացվի փետրվարի 28-ից մարտի 2-ը։ Կինոտոնից ռեժիսորի ակնկալիքները մեծ են:

 

«Որսորդը» ֆիլմն ուղերձ է ամբողջ մարդկությանն այն ցավի մասին, թե մենք' մարդիկ, որքան անհոգի ենք դարձել, և ինչպես են կենդանիները ներդաշնակությամբ ապրում բնության մեջ: Նույնիսկ կենդանին ունի իր սահմանը, որը երբեք չի անցնի: Իսկ մարդը կորցրել է իր արժանապատվությունը, իր սիրտը: «Որսորդի» նպատակն է, որ մարդիկ զգան մայր հողի կոչը, գոռոցը, որպեսզի հասկանան ամեն ինչ: Ահա թե ինչի մասին է ֆիլմը»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է ռեժիսոր Արա Առուշը:

 

«Որսորդը» հասցրել է ցուցադրվել մի շարք հայտնի կինոփառատոններում, այդ թվում' Կաննի ՄԿՓ-ի «Կարճամետրաժ ֆիլմերի անկյուն» ծրագրում, Մումբայի «Ջագրան» ԿՓ-ում, Մերիլենդի «Ֆրեդերիկ» ԿՓ-ում (ԱՄՆ), երևանյան «Ոսկե ծիրանում» և այլն: Հնդկաստանի Լեյքսիթի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնին այն առաջադրվել է «Լավագույն արտասահմանյան կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում, իսկ իսպանական Բադալոնա փառատոնին գլխավոր դերակատար Արմեն Գրիգորյանն արժանացել է լավագույն դերասանի մրցանակին:

 

2014-ին ֆիլմը կմասնակցի նաև հնդկական Նաշիկի և Բելառուսի «One Sort» փառատոններին: Մասնակցության հայտեր են ներկայացվել նաև Ռոբերտ դե Նիրոյի «Թրայբեքա», Լոս Անջելեսի, կորեական «Բուսան» միջազգային, ֆրանսիական «Ecu», հնդկական Չենայի կարճամետրաժ ֆիլմերի, հոլանդական «Imagine», Բարսելոնայի կարճամետրաժ ֆիլմերի և անիմացիայի, չինական միջազգային կարճամետրաժ, նիդերլանդական «Leiden» միջազգային կարճամետրաժ և Դուբայի «Gulf» կինոփառատոններին: Բացի դրանից, ֆիլմը կմասնակցի նաև ամերիկյան օնլայն գարնանային մրցանակաբաշխությանը' կազմակերպիչների հրավերով:

 

Մանհեթենյան փառատոնի այս տարվա նշանաբանն ընտանիքն է: Կինոփառատոնն այս տարի ուշադրությունը հատկապես կսևեռի մարդկային հարաբերությունների վրա: Աշխարհի տարբեր ծայրերից 130 երիտասարդ կինոռեժիսոր պայքարել է, որպեսզի իր ֆիլմը ցուցադրվի այս իրադարձության ընթացքում: 13 ընտրված ֆիլմերից մեկը Արա Առուշի «Որսորդն» է:

 

Կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Արա Առուշը (Առուշանյան) ծնվել է 1974 թվականին' Ստեփանակերտում: 1999-ից նկարահանել է տեսահոլովակներ: Հիմնադրել է Digidez Studio և KenigArts Pictures ընկերությունները: Ռուսաստանի և Հայաստանի քաղաքացի լինելով' բնակվում է Մոսկվայում և Երևանում: «Որսորդը» նրա ռեժիսորական դեբյուտն է: