Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը փետրվարի 7-ին այցելել է Սոս գյուղ և Մարտունի քաղաք՝ այդ համայնքների ղեկավարների՝ 2013 թ. գործունեության հաշվետվությունների ներկայացմանը մասնակցելու և տեղի բնակչության հետ հանդիպելու նպատակով:

 

Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունից, ըստ հաշվետվության՝ Սոս գյուղում 2013թ. բյուջեն կատարվել է շուրջ 108 տոկոսով: Գործադիրի ղեկավարը ողջունել է նախատեսված աշխատանքների արդյունավետ կատարումը և այդ համայնքի ինքնաֆինանսավորվող լինելու հանգամանքը:

 

Ա. Հարությունյանն անդրադարձել է գյուղում կառավարության կողմից իրագործված, ինչպես նաև նախատեսվող աշխատանքներին՝ այլ ծրագրերի շարքում կարևորելով մանկապարտեզի վերջերս շահագործված նոր շենքի կառուցումը:

 

Կառավարության ղեկավարը տեղեկացրել է ներկաներին, որ պետական ծրագրերի շրջանակներում նախատեսվում է մինչև տարեվերջ սկսել գյուղի դպրոցի նոր շենքի կառուցումը: Ավելին՝ 2014թ. ընթացքում ընդհանուր առմամբ կլուծվի նաև համայնքի հողատարածքների ոռոգման ջրի խնդիրը, ինչը թույլ կտա ոչ միայն բարձրացնել ավանդական մշակաբույսերի բերքատվությունը, այլ նաև զբաղվել նոր՝ բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ: Վարչապետն ընդգծել է նշված և մի շարք այլ ծրագրերի առանցքային դերակատարումը նոր աշխատատեղերի ստեղծման գործում, ինչը գյուղի գլխավոր հիմնախնդիրն է:

 

Պատասխանելով ներկաների հարցերին՝ Ա. Հարությունյանն անդրադարձել է գյուղատնտեսական ապրանքների՝ Արցախում գործող գներին: Նրա խոսքով՝ իրականում դրանք բավականին բարձր են միջազգային գների համեմատ: Վարչապետը նշել է, որ, այնուամենայնիվ, երբեմն կառավարությանը հաջողվում է պետական միջամտությամբ արհեստականորեն բարձր պահել գները, որպեսզի տեղական արտադրողները կորուստներ չունենան: Գործադիրի ղեկավարի համոզմամբ՝ խնդիրը ոչ բավարար մակարդակի բերքատվության մեջ է, ինչը թույլ չի տալիս գյուղացիներին իրական գներով վաճառել իրենց արտադրանքը: Ա. Հարությունյանը կոչ է արել բնակիչներին ձգտել բերքատվության և ոչ թե գների բարձրացման, մանավանդ, որ պետական նշանակալի աջակցություն կա այդ ուղղությամբ՝ պարարտանյութերի, սերմացուների, սուբսիդիաների, արտոնյալ վարկային միջոցների տրամադրման տեսքով:

 

Կառավարության ղեկավարը, մասնակցելով Մարտունու քաղաքապետի հաշվետվությանը, ընդգծել է այդ համայնքի կարևոր նշանակությունը ամբողջ հանրապետության համար: Մատնանշելով Մարտունու ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ արդեն կատարված աշխատանքները՝ վարչապետը նշել է, որ միջոցների սղության պատճառով դեռևս գոյություն ունեն որոշ կարևոր անելիքներ: Կատարված աշխատանքներից Ա. Հարությունյանն առանձնացրեց դպրոցի և հիվանդանոցի նոր շենքերի կառուցումը:

 

Իսկ ինչ վերաբերում է անելիքներին, բնակիչները մատնանշեցին մանկապարտեզի, մարզադաշտի, ինչպես նաև որոշ այլ ենթակառուցվածքների կառուցման անհրաժեշտությունը: Ըստ գործադիրի ղեկավարի՝ այդ խնդիրները մոտակա տարիներին աստիճանաբար կլուծվեն: Վարչապետ Հարությունյանը հայտարարել է, որ այս տարվա ընթացքում ավարտին կհասցվի Ստեփանակերտ-Նինգի-Մարտունի ճանապարհի ասֆալտապատումը, որը ռազմավարական նշանակություն ունի Արցախի համար: Ավելին՝ համայնքում մեծ թափ է ստանում բնակարանաշինությունը՝ ներգրավելով նոր ներդրումներ և լրացուցիչ արտոնյալ վարկային միջոցներ:

 

Անդրադառնալով աշխատատեղերի ստեղծման հարցին՝ կառավարության ղեկավարը, բացի շինարարությունից, կոչ է արել ավելի արդյունավետորեն օգտագործել գյուղատնտեսության հնարավորությունները: Նրա խոսքով՝ ավելի մեծ ուշադրություն է դարձվելու ոռոգման համակարգի զարգացմանը, ինչը խթանի գյուղատնտեսության զարգացումը:

 

Ա. Հարությունյանն առանձնացրել է նաև ծխախոտագործության համար առկա բարենպաստ պայմանները այդ տարածաշրջանում, որոնցից օգտվելու կոչ է արել բնակչությանը՝ խոստանալով հնարավորինս աջակցել նրանց այդ գործում:

 

Հանդիպումների վերջում բնակիչները հանդես են եկել հարցերով և առաջարկություններով: Վարչապետը տվեց համապատասխան հանձնարարականներ և խոստացավ շարունակական ուշադրության ներքո պահել Սոսի և Մարտունու համայնքների հիմնախնդիրները: