Փետրվարի 10-ին ժամը 16.06 րոպեին Բաքվից 86 կմ հարավ-արեւելք տեղի է ունեցել երկրաշարժ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայությունից, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Բաքվից 86 կմ հարավ-արեւելք, որտեղ ուժգնությունը կազմել է 8 բալ, խորությունը՝ 60 կիլոմետր։ Երկրաշարժի ցնցումները զգացվել են նաեւ Սյունիքում' 4 բալ ուժգնությամբ։

 

Ելնելով անվտանգության նկատառումներից' Կապանի քաղաքապետարանը հրահանգել է տարհանել երեխաներին քաղաքի մանկապարտեզներից, երաժշտական, արվեստի ու մարզադպրոցներից: Քաղաքի հիմնարկ-ձեռնարկություններում եւս կազմակերպվել է աշխատակիցների տարհանում: Չնայած որոշ ժամանակ անց, կրթօջախներում եւ հիմնարկներում վերսկսվել է աշխատանքը, սակայն կապանցի ծնողների մեծ մասը գերադասել է երեխաներին ժամանակից շուտ տանել մանկարապտեզից: Քաղաքի բարձրահարկ շենքերի բնակիչները եւս երկրաշարժից հետո դուրս են եկել բակ եւ միայն որոշ ժամանակ հետո են վերադարձել իրեն ց բնակարանները:

 

Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի Սեյսմոլոգիական կենտրոնը հայտնել է, որ փետրվարի 10-ին' ժամը 16:06-ին, Հաջիգաբուլի շրջանի տարածքում, Սաաթլըից 41 կմ հյուսիս-արեւելք, երկրաշարժ է տեղի ունեցել: Նշվում է, որ 6 բալ ուժգնությամբ ցնցումների հիպոկենտրոնը գտնվել է 30 կմ խորության տակ: Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաեւ Բաքվում եւ Ադրբեջանի այլ շրջաններում: Ավերածությունների եւ զոհերի մասին տեղեկություններ չկան:

 

ԱՄՆ-ի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները կանխատեսել էին, որ Բաքվում եւ Շամախիում Ադրբեջանի բնակչությանն ու նավթային ենթակառուցվածքներին, ինչպես նաեւ տարածաշրջանի իրադրության վրա ազդելու չափ հզոր երկրաշարժ տեղի ունենալու մեծ հավանականություն կա: Ադրբեջանի սեյսմոլոգիական ծառայության կենտրոնի սեյսմոլոգիայի բաժնի ղեկավար Թահիր Մամեդլին ANS PRESS-ին հայտնել էր, որ ամերիկացի գիտնականները նման եզրակացության են հանգել Ադրբեջանի, ինչպես նաեւ Կովկասի տարածքում անցկացրած երկրակեղեւի հորիզոնական շարժի արագությունը չափելու հետ կապված ուսումնասիրությունների արդյունքում:

 

Ամերիկացի գիտնականների կանխատեսումներով' Բաքվում հնարավոր երկրաշարժը կարող է հարյուր հազարավոր մարդկանց մահվան պատճառ դառնալ: