Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը համաձայն չէ այն տեսակետի հետ, թե հանձնաժողովի հերթական նիստում հայկական պատվիրակությունը համատեղ փաստաթուղթ չի ստորագրել՝ հետագայում Ռուսաստանին տրվելիք բացատրություններից խուսափելու համար:
Փետրվարի 11-ին հանձնաժողովի հայաստանյան պատվիրակության անդամների ասուլիսի ընթացքում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կարծիք հայտնեց, որ գործընթացն ուղղորդվել է Երևանի կողմից, որպեսզի հետագայում Ռուսաստանի բացատրություններ տալու անհրաժեշտություն չառաջանա:
«Մենք կարող էինք շարունակել բանակցությունները և ընդունելի տարբերակ գտնել»,-նշեց Փաշինյանը:
Պատվիրակության ղեկավար Սամվել Ֆարմանյանը հերքեց այս տեսակետը՝ նշելով, որ որոշումը ինքն ինքնուրույն է կայացրե,լ և ամբողջ պատասխանատվությունն իր վրա է: «Ես գտել եմ, որ երկու իրավահավասար կողմերի տեսակետների համադրությունից են ծնվում համատեղ հայտարարությունները, իսկ եզրափակիչ փաստաթղթերի հարցում մեզ չի հաջողվել համաձայնության գալ, ինչի համար էլ ես կայացրել եմ այդ որոշումը»,- նշեց Ֆարմանյանը:
Նա ընդգծեց, որ համաձայն չէ մամուլի հրապարակումների հետ, թե տեղի ունեցածը տապալում էր հայկական կողմի համար: ՀՀԿ-ն ներկայացնող պատգամավորի խոսքով՝ փաստաթղթի վերջնական տարբերակի շուրջ եղել է անհամաձայնություն, սակայն դա չի կարելի համարել փակ դուռ Հայաստան-ԵՄ հարաբերություններում: «Բացարձակ համաձայն չեմ, որ տեղի ունեցածն, ըստ մամուլի որակումների, ներկայացվում է որպես սկանդալ, տապալում»,- շեշտեց նա' հավելելով, որ փաստաթղթի եզրափակիչ տեքստի շուրջ ձևավորվել է անարդյուավետ ելք, ինչը սակայն չի կարելի համարել փակվող դուռ Հայաստան-ԵՄ հարաբերություններում:
Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 14-րդ նիստը տեղի է ունեցել փետրվարի 5-6-ն, Ստրասբուրգում: Նիստի ընթացքում կողմերին չի հաջողվել համատեղ փաստաթուղթ ընդունել, քանի որ տարաձանություններ են եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ներկայացված առաջարկներում: Հայկական պատվիրակության կողմից ներկայացված առաջարկում նշվել է, որ ԼՂ հակամարտության խաղաղ և տևական կարգավորմանը այլընտրանք չի կարող լինել՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա, մասնավորապես, այն սկզբունքների, որոնք վերաբերում են ուժի սպառնալիքի չկիրառմանը և դրա կիրառման բացառմանը, պետությունների տարածքային ամբողջականությանը և ժողովուրդների իրավահավասարությանն ու ինքնորոշմանը:
Եվրախորհրդարանականների կողմից ներկայացված առաջարկում նշվել է, որ Լեռնային Ղարաբաղի ձգձգված հակամարտության խաղաղ և տևական կարգավորմանը չի կարող այլընտրանք լինել, և կողմերը ափսոսանք են հայտնում բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության, ինչպես նաև հրադադարի ռեժիմի խախտման բոլոր դեպքերի կապակցությամբ: Եվրախորհրդարանականների կողմից ներկայացված առաջարկում բացակայել են ուժի սպառնալիքի չկիրառմանը և դրա կիրառման բացառմանը, պետությունների տարածքային ամբողջականությանը և ժողովուրդների իրավահավասարությանն ու ինքնորոշմանը վերաբերող դրույթները: