Երևանն ավելի գեղեցիկ, բարեկարգ և զբոսաշրջիկների համար առավել հետաքրքիր դարձնելու համար քաղաքային իշխանությունները մի շարք առաջնային ծրագրեր են ուրվագծում: Փետրվարի 12-ին Երևանի քաղաքապետարանում հրավիրված ասուլիսում Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը նշեց, որ առաջիկա տարիներին ծրագրված աշխատանքները պետք է նպաստեն, որ մայրաքաղաքը դառնա գործարարական առումով հյուրընկալ, ջերմ' իր յուրաքանչյուր բաղադրիչով: «Մենք պետք է ստանանք մեզ համար հպարտության զգացմունք ներշնչող քաղաք»,- նշեց Բարսեղյանը:
Նրա խոսքով, դեռևս 2003 թվականից սկսած' Երևանի քաղաքաշինական զարգացմանը միտված բազմաթիվ ծրագրեր են ընդունվել և իրականացվել ի նպաստ մայրաքաղաքի բարեկեցիկ վիճակի: Երևանն առավել գեղեցիկ դարձնելու համար օրակարգային են Գլխավոր հատակագծի իրագործմանն ուղղված միջոցառումների և փոփոխությունների հետ կապված աշխատանքները, Փոքր կենտրոնի վերակառուցման օրենսդրական փաթեթի մշակումը, ինչպես նաև Նոր Նորք, Մալաթիա -Սեբաստիա, Քանաքեռ -Զեյթուն, վարչական շրջանների նախագծման աշխատանքները: «Առաջանահերթ են բնակելի թաղ ամասերի կանոնակարգումը, բակային տարածքներում պատշաճ միջավայր ստեղծելը, ճանապարհների բարեկարգումը, Կենտրոն վարչական շրջանը մեքենաներից բեռնաթափումը»,- ասաց գլխավոր ճարտարապետը:
Նա նշեց, որ առաջնահերթ ծրագրերի թվում են նաև սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց համար բարենպաստ միջավայր ստեղծելու միտումը, Կոնդ թաղամասի կառուցապատումը, ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ընդլայնման նախագծերի մշակումը: Շուտով կկառուցապատվի Կիրովի անվան մանկական զբոսայգու տարածքը, ինչը բանախոսի գնահատմամբ' բավականին մեծ աշխուժություն կմտցի Երևանի ժամանցային կյանքում: «Մխիթար Հերացու փողոցում ծրագրված է կարևորագույն պետական նշանակության կառույցի, ինչպես նաև Օրբելի փողոցին հարող տարածքում' Կառավարման ակադեմիայի նոր շենքի շինարարությունը»,- տեղեկացրեց Բարսեղյանը:
Առաջիկա չորս տարիները կառանձնանան նաև ճարտարապետական և գեղարվեստական միջոցառումների առումով: Առաջիկայում նախատեսված են հայ-ռուս ժողովուրդների բարեկամությունը խորհրդաշնող հուշարձանի տեղադրումը: Երևանը կհամալրվի Կարեն Դեմիրճյանի, Գարեգին Նժդեհի, Սիլվա Կապուտիկյանի, Կիմ Երիցյանի, Հրանտ Շահինյանի հուշարձաններով և Գրիգոր Նարեկացուն խորհրդանշող հուշակոթողով:
Պատասխանելով լրագրողների հարցին' գլխավոր ճարտարապետը նշեց, որ նոր տնտեսական քաղաքականության պայմաններում պատվիրատուի, կառուցապատողի և տեղական իշխանությունների հարաբերություններում երբեմն բարդություններ են առաջանում, որոնք, սակայն, հաղթահարվում են, և գտնվում է լավագույն լուծումը: