ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հետաքրքիր հայտարարություն է արել. «Եթե չեք հավատում պետությանը, որտեղ ապրում եք և որը հիմնադրել եք, ապա անհասկանալի է, թե ինչո՞ւ եք հավատում այս պետությանը մնացած բոլոր գործառույթներում՝ հարկ մուծելուց մինչև երեխաներին դպրոց տանելը կամ ամուսնացնելը, և չեք հավատում հենց կուտակայինի հետ կապված խնդրին»:

 

Սա շատ կարեւոր հարց է՝ հայկական անկախ պետության ապագան: Թերեւս, սա ամենագլխավոր հարցն է այսօրվա օրակարգում: Արդյոք անկախ Հայաստանը գոյություն է ունենալու, թե շուտով կդառնանք պետությունների նոր միության անդամ, որն իրենով կփոխարինի անկախությունը:
Դժվար թե Արմեն Աշոտյանն ունենա այս հարցի պատասխանը, քանի որ նա տեսնում է, թե ինչ արագությամբ ենք մենք դառնում մի տարածության մաս, որտեղ չի լինելու անկախ Հայաստանը: Մենք արդեն կորցրել ենք ինքնուրույնությունը պետական որոշումներ կայացնելու հարցում՝ արտաքին քաղաքական, տնտեսական, էներգետիկ-տրանզիտային, չխոսելով արդեն պաշտպանության ոլորտի մասին: Կորցնում ենք արտահայտվելու, պատմությունը, շահավետ առաջարկները քննարկելու ազատությունը:

 

Ես որպես քաղաքացի վստահում եմ իմ պետությանը եւ ցանկանում, որ այն 25 տարի անց ինձ ապահովի կենսաթոշակով: Սակայն որպես ողջախոհ մարդ ես մտածում եմ՝ ի՞նչ արժույթով եմ ես ստանալու իմ կենսաթոշակը՝ եվրազո՞վ, ռուբլիո՞վ: Ինչպե՞ս է փոխվելու իմ պետության կարգավիճակը Եվրասիական միության ստեղծումից հետո, երբ երկիրը ղեկավարվելու է Մոսկվայից: Արդյոք ես կրկին անգամ կորցնելու եմ իմ խնայողությունները:

 

Կարո՞ղ է արդյոք Արմեն Աշոտյանը եւ նրա կուսակցությունը երաշխավորել, որ անկախ Հայաստանը լինելու է 25 տարի, երբ ես կենսաթոշակի պետք է անցնեմ: Թե՞ ՀՀԿ-ն երաշխիքներ է տալիս միայն Ռուսաստանին, պարտավորվելով 30 տարի չընդունել օրենքներ, որոնք կարող են հակասել Գազպրոմի շահերին:
Ինչպե՞ս ես՝ հայրենասեր քաղաքացիս, փողերս վստահեմ պետությանը, որի իշխանությունը գլխապատառ իր գործառույթներն ու իր քաղաքացիների հանդեպ պատասխանատվությունը գցում է իր վրայից ու հանձնում վերպետական մարմնին, ընդ որում այդ մարմնում վճռական խոսքը պատկանում է սոցիալական կասկածելի քաղաքականություն ունեցող երկրներին:

 

Դրական սպասումներն իհարկե անհրաժեշտ են քաղաքականության մեջ, սեփական պետության հանդեպ վստահությունը՝ նույնպես, սակայն իշխող քաղաքական ուժը պետք է դրանք ամրապնդի ամուր երաշխիքներով: Սերժ Սարգսյանը գոնե կարո՞ղ է հայտարարել, որ Հայաստանը չի հրաժարվում իր ինքնիշխանությունից: Սակայն, ինչպես խոստովանել է Սերժ Սարգսյանն ինքը, ռուսների հետ դժվար է խոսել, առավել եւս երկրի ինքնիշխանության մասին: 

 

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ