«Ժնև-2»-ի շրջանակներում բանակցությունների երկրորդ փուլը չի ձախողվել և ավարտվել է շատ կարևոր առաջընթաց արձանագրելով: Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, այս մասին փետրվարի 16-ին Շվեյցարիարիայից վերադառնալու ժամանակ հայտարարել է Սիրիայի ԱԳ նախարար, սիրիական պատվիրակության ղեկավար Ուալիդ ալ Մուալեմը՝ ավելացնելով, որ Սիրիայի հանդեպ ամերիկյան թշնամանքը համարվում է տեղեկատվական և հոգեբանական պատերազմի մի մաս՝ նպատակ ունենալով ճնշել սիրիական պատվիրակության անդամներին:

 

«Նա, ով կարծում է, թե ԱՄՆ-ը դադարել է կամ կդադարի Սիրիայի դեմ դավեր նյութել, չարաչար սխալվում է», - ասել է նախարարը: Նրա խոսքով ԱՄՆ-ը Ժնևում՝ բանակցությունների ժամանակ, փորձել է ստեղծել բացասական մթնոլորտ և ձախողել բանակցությունները:

 

Ուալիդ ալ Մուալեմը պարզաբանել է, որ բանակցությունների երկրորդ փուլում առաջընթացը ձեռք է բերվել նրանով, որ հաջորդ փուլի օրակարգում միջազգային բանագնացի առաջարկով հնարավոր է քննարկվեն բռնությունների դադարեցման և ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ հարցեր:

 

Կառավարական պատվիրակությունը նպատակ է հետապնդում ամուր կառչել նշված հարցերից և հաջողության հասնել: Միջսիրիական բանակցությունների երկրորդ փուլը մեկնարկել էր փետրվարի 10-ին: Ակնկալվում է, որ բանացկությունների կշարունակվեն մարտին: