Մոսկվայի Ս. Պայծառակերպություն եկեղեցում փետրվարի 16-ին Ս. Պատարագի ավարտին կատարվել է հոգեհանգստյան արարողություն' ի հիշատակ Հունգարիայում սպանված Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանի: Այս մասին հայտնում է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի մամուլի ծառայությունից:

 

Ս. Պատարագին և հոգեհանգստին ներկա են եղել ՌԴ-ում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, հասարակական կազմակերպությունների անդամներ, մտավորականներ, ուսանողներ:

 

Պատարագիչ Տեր Առաքել քահանա Ամիրյանն իր քարոզում անդրադարձել է 10 տարի առաջ կատարված ողբերգությանը' ներկաներին հորդորելով չսահմանափակվել մեկօրյա հիշատակությամբ, այլ յուրաքանչյուր օրը դարձնել պայքար' հանուն արդարության ու խաղաղության հաստատման: «Այսօր մենք աղոթում ենք Գուրգեն Մարգարյանի հոգու հանգստության համար և աղերսելով Տիրոջը դիմում, որ աշխարհում ոչ մի տեղ, ոչ մի ժողովրդի զավակի հանդեպ նման ոճիր չիրագործվի: Սակայն միայն սրա համար չէ, որ հավաքվել ենք այսօր: Եկել ենք մեր նոր սերնդին պատգամելու Գուրգեն Մարգարյանի և մնացյալ հայ նահատակների անխոս կտակը, որ երբևիցե անտարբեր չլինեն մեր ազգային իրավունքների ձեռքբերման ու պահպանության նվիրական գործի հանդեպ, հավուր մարդկության առաջ առանց երկչոտության բարձրաձայնեն մեր արդար պահանջները»,-ասել է Տեր հայրն իր քարոզում:

 

2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում մասնակցում էին անգլերենի դասընթացներին: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության' առաջին 30 տարիներին առանց ներման իրավունքի: 2012թ-ի օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունները որոշում կայացրեցին արտահանձնել Սաֆարովին Ադրբեջանին: Ադրբեջան ժամանելուն պես, ոճրագործը նախագահ Իլհամ Ալիեւի կողմից ներման արժանացավ ' ստանալով մայորի կոչում:

 

Մարդասպանի ազատ արձակումն ու Ադրբեջանում նրա փաստացի հերոսացումը դատապարտեցին եւ խիստ քննադատեցին Հայաստանը և միջազգային հանրությունը, պաշտոնական Երևանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Բուդապեշտի հետ։