Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ հայազգի սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանությունից անցել է տասը տարի: Թեպետ ոճրագործ Ռամիլ Սաֆարովը հանցագործությունից անմիջապես հետո կանգնեց հունգարական արդարադատության առջեւ եւ ստացավ պատիժը, սակայն ադրբեջանական նավթադոլարները և «խավիարային» դիվանագիտությունը կարողացան հասնել նրան, որ մարդասպանը տարիներ հետո «հերոսի» կարգավիճակում հայտնվի ազատության մեջ:

 

2004 թվականին Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում էր' մասնակցելու ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրին: Նույն սենյակում հայ սպայի հետ բնակվող հունգարացի Քութի Բալաշը պատմել էր, որ նույն հարկում ապրում էին տարբեր ազգությունների ներկայացուցիչներ' այդ թվում և ադրբեջանցին, սակայն դասընթացների ժամանակ ներկայացուցիչներից և ոչ մեկի միջև վիճաբանություն չէր եղել: Դաժան սպանության օրը' փետրվարի 19-ին, Մարգարյանը մյուսներից ավելի երկար է նախընտրել պարապել, ինչից հետո հանդիպել է ընկերոջը' Հայկ Մուկուչյանին, ապա նոր գնացել իր սենյակ:

 

Ադրբեջացի Սաֆարովը, օգտվելով այն հանգամանքից, որ Մարգարյանը քնելուց դուռը չէր փակում, առավոտյան կողմ կացինը ձեռքին գնացել է նրա սենյակ և կացնի 16 հարվածով դաժանաբար սպանել քնած հային: Բալաշը պատմել է, որ ձայներից շրջվել և միայն այդ ժամանակ է հասկացել կատարվածը: «Չորս բոլորը արյուն էր: Ես սկսեցի բղավել, որ ադրբեջանցին դադարեցնի գործը: Նա ասաց, որ ինձ հետ խնդիր չունի և ինձ ձեռք չի տա: Նրա դեմքի արտահայտությունը ուրախ էր, կարծես թե կարևոր մի գործ էր վերջացրել: Ես շոկի մեջ էի, վազեցի դուրս օգնություն կանչելու, Ռամիլը գնաց ու րիշ ուղղությամբ»,-պատմել է հունգարացին:

 

Գուրգեն Մարգարյանի սպանությամբ չբավարարված Սաֆարովի հաջորդ թիրախը մյուս հայն էր' Հայկ Մուկուչյանը: Սաֆարովը արյունոտ կացինը ձեռքին սկսում է մյուս սենյակներում փնտրել Հայկին' ձայների վրա հավաքվածներին ասելով, որ բացի հայի արյունից իրեն ոչինչ պետք չէ: Սակայն երկրորդ հային սպանել նրան չհաջողվեց. այս անգամ դուռը փակ էր: «Ես աթնացել եմ առավոտյան ժամը 5-ի կողմերը դռան հարվածներից և աղմուկից, երբ Սաֆարովը ռուսերեն գոռգոռում էր, թե բոլոր հայերին սպանելու եմ»,- դեպքից հետո պատմել էր Մուկուչյանը:

 

Սպանությունից հետո բերման ենթարկված ադրբեջանցին նախնական ցուցմունքում ասել էր, թե իր վրեժխնդրությունն ինչ-որ մեկի դեմ չէր, այլ ողջ հայ ազգի: Սակայն հետո վախկոտի նման հրաժարվել դրանից' փորձելով ներկայանալ իբրև անմեղսունակ և հոգեպես անհավասարակշիռ անձ' դատարանի պատիժը ինչ-որ կերպ մեղմացնելու համար:

 

2006 թ. ապրիլի 3-ին Բուդապեշտի դատարանը մարդասպանին դատապարտեց ցմահ ազատազրկման' 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի: Սակայն նավթային դոլարները կատարեցին իրենց «սև գործը». 2012 թ. օգոստոսի 31-ին Հունգարիայի և Ադրբեջանի միջև իրականացված երկարատև բանակցություններից հետո Սաֆարովը արտահանձնվեց Ադրբեջանին, որտեղ էլ նախագահ Իլհամ Ալիևը նրան ներում շնորհեց' միաժամանակ նաև մայորի կոչում տալով: Նույն օրը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած արտակարգ խորհրդակցությունից հետո հայտարարվեց Հունգարիայի հետ Հայաստանի դիվանագիտական հարաբերո ւթյունները և բոլոր պաշտոնական կապերը կասեցնելու մասին:

 

Հունգարիայի իշխանությունների նման որոշումը խստորեն քննադատվեց միջազգային հանրության, տարբեր կառույցների, շատ երկրների դիվանագետների և խորհրդարանականների կողմից: Հունգարական կառավարությանն իրենց ցասումը հայտնեցին նաև հունգարացիները, որոնցից ոմանք սոցցանցերում գրում էին, որ այս արարքից հետո ամաչում են հունգարացի լինելու համար և ներողություն էին խնդրում հայ ժողովրդից: Այդուհանդերձ, Հունգարիայի ԱԳՆ և արդարադատության նախարարությունների տարածած հաղորդագրությունները, իսկ հետո նաև Սահմանադրական դատարանի ներողությունը ուշացած էին. մարդասպանը ոչ միայն ազատության մեջ էր, այլև հերոսացված' հայրենիքում:

 

Հայազգի սպայի դաժան սպանությունը և Սաֆարովին ներում շնորհելը վկայությունն էր այն բանի, որ Ադրբեջանում պետական մակարդակով իրականացվում և խրախուսվում է հայատյացության ու ֆաշիզմի քաղաքականությունը: Սաֆարովի իրականացրած ոճրագործությունը ադրբեջանական զինվորականության բարոյալքման և թուլության նշան էր, քանի որ ոչ մի լավ զինվոր հակառակորդին չի սպանում քնած ժամանակ: Սաֆարովյան և ալիևյան հերոսներով հպարտացող պետությունը ժամանակակից աշխարհում չունի ապագա, իսկ դրա «կացնային դիվանագիտությունը» դատապարտված է անհաջողության: Այս ամեն ն ապացույցն են այն բանի, որ թեպետ ադրբեջանական վարչակարգը տարատեսակ հարթակներում փորձում է ներկայանալ իբրև զարգացած և մարդու իրավունքները հարգող պետություն, սակայն ժամանակակից առաջադեմ մարդու դիմակը կրող ադրբեջանական պետությունը և ատելության վրա մեծացող սերունդներն իրականում դեռ շատ հեռու են «դեպի մարդը տանող ճանապարհից»:

 

 

Պատրաստեց Արաքս Կասյանը