Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին դաժանորեն կացնահարած ադրբեջանցի մարդասպանի արտահանձնումը Հունգարիայի կառավարության մեծ սխալն էր: Այն ավելին էր, քան սխալը, քանզի «թունավորեց» Հունգարիայի հարաբերությունները Հայաստանի և աշխարհի մյուս երկրների հետ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հունգարիայի պատվավոր հյուպատոսների կորպուսի նախագահ, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ և Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, դոկտոր Շուհա Գյորգը:

 

«Հայ-հունգարական հարաբերություններն ու բարեկամությունը պատմական արժեք ունեն: Չափազանց կարևոր է առանց երկմտանքի և հապաղումների վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի հետ: Հայաստանը մեր բարեկամ երկիրն է, մենք ընդհանուր պատմություն ունենք ու կիսում ենք ընդհանուր արժեքներ»,- նշեց հունգարացի գործիչը:

 

Նրա խոսքով' Սաֆարովի արտահանձնումը եղել է քաղաքական որոշում, և որևէ իրավական հիմնավորում չի ունեցել: «Դիվանագիտական խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհներով և անհապաղ լուծումներ փնտրել հարաբերությունների վերականգման համար»,- բացատրեց դոկտոր Գյորգը:

 

Քաղաքական գործիչը նաև մտահոգություն հայտնեց Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները կարգավորելու մասին կառավարության պաշտոնական դիրքորոշման վերաբերյալ: «Արտահանձնումից և դիվանագիտական հարաբերությունների խզումից հետո Հունգարիան ցանկանություն է հայտնել վերականգնել հարաբերությունները Հայաստանի հետ, սակայն մինչ այժմ հունգարական դիվանագիտությունը հաջողություններ չի գրանցել այդ հարցում»,- ասաց նա:

 

Այսօր' Գուրգեն Մարգարյանի սպանության տասներորդ տարելիցին, նրա հիշատակին նվիրված միջոցառում կկայանա Հունգարիայի Հայկական մշակութային կենտրոնում: Հայ համայնքի անդամները ծաղիկներ կդնեն Դանուբ գետի ափին տեղադրված խաչքարի մոտ, որից հետո Հայկական մշակութային կենտրոնում բանախոսությամբ հանդես կգան Հունգարիայի հասարակական գործիչներ, ովքեր Սաֆարովի արտահանձնումից հետո այցելել են Հայաստան և ներողություն խնդրել Մարգարյանի ծնողներից: Դոկտոր Շուհա Գյորգը նույնպես ներկա կլինի միջոցառմանը:

 

2004 թվականին Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում էր' մասնակցելու ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրին: Դաժան սպանության օրը' փետրվարի 19-ին, Մարգարյանը մյուսներից ավելի երկար է նախընտրել պարապել, ինչից հետո հանդիպել է ընկերոջը' Հայկ Մուկուչյանին, ապա նոր գնացել իր սենյակ: Ադրբեջանցի Սաֆարովը, օգտվելով այն հանգամանքից, որ Մարգարյանը քնելուց դուռը չէր փակում, առավոտյան կողմ կացինը ձեռքին գնացել է նրա սենյակ և կացնի 16 հարվածով դաժանաբար սպանել քնած հային:

 

2006 թ. ապրիլի 3-ին Բուդապեշտի դատարանը մարդասպանին դատապարտեց ցմահ ազատազրկման' 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի: Սակայն նավթային դոլարները կատարեցին իրենց «սև գործը». 2012 թ. օգոստոսի 31-ին Հունգարիայի և Ադրբեջանի միջև իրականացված երկարատև բանակցություններից հետո Սաֆարովը արտահանձնվեց Ադրբեջանին, որտեղ էլ նախագահ Իլհամ Ալիևը նրան ներում շնորհեց' միաժամանակ նաև մայորի կոչում տալով: Նույն օրը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած արտակարգ խորհրդակցությունից հետո հայտարարվեց Հունգարիայի հետ Հայաստանի դիվանագիտական հարաբերո ւթյունները և բոլոր պաշտոնական կապերը կասեցնելու մասին:

 

Հունգարիայի իշխանությունների նման որոշումը խստորեն քննադատվեց միջազգային հանրության, տարբեր կառույցների, շատ երկրների դիվանագետների և խորհրդարանականների կողմից: