Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ցանկություն է հայտնել հանդես գալ հատուկ ուղերձով' փետրվարի 21-ին Փարիզում կայանալիք' ֆրանսիական դիմադրության շարժման ականավոր գործիչ Միսաք Մանուշյանի և նրա ղեկավարած 22 հոգանոց խմբի գնդակահարման 70-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների (CCAF) համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանն ասաց, որ մասնակցության նախաձեռնությունը Ֆրանսիայի նախագահինն է: «Օլանդը համարեց, որ Մանուշյանի սիմվոլը բավական զորավոր է հատկապես Հայոց ցեղասպանության հարյուրամյակից մեկ տարի առաջ և գնահատելով նրա դերակատարությունը Ելիսեյան պալատից փոխանցեցին Օլանդի մեծ ցանկությունը' մասնակցել հանդիսությանը»,-ասաց Մուրադ Փափազյանը:

 

Նրա խոսքով' ֆրանսահայ համայնքը չի բացառում, որ ուղերձում Օլանդը կանդրադառնա նաև Հայոց ցեղասպանությանն ու հերթական անգամ կոչ կանի Թուրքիային առերսվել սեփական պատմությանը: «Նա բազմիցս խոսել է այդ մասին, արտահայտել իր դիրքորոշումը: Մեկ անգամ չէ, որ Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը պետք է կյանքի կոչվի: Նա հաստատել է դա նաև Թուրքիայում և չեմ զարմանա, որ փետրվարի 21-ին կրկին շեշտը դնի այս կետերի վրա»,- ասաց Փափազյանը' հավելելով, որ ֆրանսահայ համայնքը լիահույս է, որ շուտով հայտարարություններին կփոխարինի իրական գործընթացն ու մոտ ապագայում Ֆրանսիայում կդատապարտեն Ցեղասպանությունը ժխտողներին:

 

Ամենամյա այս միջոցառումը կազմակերպում են Ֆրանսիայի հայ և հրեա համայնքները' օկուպացված Ֆրանսիայում նացիստական զորքերի դեմ պայքար մղած և գնդակահարված Միսաք Մանուշյանի և նրա խմբի 22 անդամներին հարգանքի տուրք մատուցելու նպատակով: Այս տարի հարգանքի տուրքն առաջին անգամ մատուցվելու է երկրի բարձրագույն մակարդակով և պետական արարողակարգով:

 

Փետրվարի 21-ին Ֆրանսիայի նախագահի մասնակցությամբ Մանուշյանի խմբի հիշատակին նվիրված արարողությամբ սկիզբ կդրվի նաև Ֆրանսիայում Հայոց Ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումների ծրագրին:

 

Մուրադ Փափազյանն ասաց, որ համայնքն ամեն ինչ կանի, որպեսզի Ֆրանսիայում առաջիկա մեկ տարվա ընթացքում բոլորը խոսեն և իմանան Հայոց ցեղասպանության մասին: Փափազյանը բոլոր փակագծերը չբացեց, սակայն նշեց, որ ընթանում են միջոցառումների նախապատրաստական աշխատանքներ: Կլինեն հանդիսություններ, գրքերի շնորհանդեսներ, համերգներ որոնք մարդկությանը կներկայացնեն 20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին:

 

Միսաք Մանուշյանի հայրը զոհվել է 1915թ. Մեծ Եղեռնի ժամանակ, մայրը՝ գաղթի ճանապարհին։ Գաղթի ժամանակ եղբոր հետ հայտնվել է Սիրիայում, հետո հինգ տարի ապրել Լիբանանի Ճյոնիա քաղաքի հայկական որբանոցում: 1925թ. տեղափոխվել է Ֆրանսիա, սկզբում Մարսել, ապա՝ Փարիզ։ Կնոջ՝ Մելինե Մանուշյանի հետ մասնակցել է հակաֆաշիստական դիմադրության շարժմանը։ 1943թ. Մանուշյանի գլխավորած խումբը մոտ 30 հարձակում է գործել գերմանական օկուպանտների վրա։ 1943 թ. նոյեմբերին Մանուշյանը ձերբակալվել է, երեք ամիս անց, 1944թ.փետրվար 21-ին խմբի անդամների հետ մահապատժի ենթարկվել Փարիզի Սյո ւրեն արվարձանի Ֆորտ Մոն-Վալերյեն ամրոցում։ Մանուշյանին հետմահու շնորհվել է Պատվո լեգեոնի շքանշանը։ Նրա և իր խմբի անունով անվանվել են փողոցներ և հրապարակներ Փարիզում, Մարսելում, Վալանսեում և Երևանում: