Թուրքական մամուլը սկսել է անդրադառնալ իշխանությունների մասնակցությամբ ապօրինությունների, կաշառակերության, մաքսանենգության, թմրանյութերի ապօրինի վաճառքի հետ կապված բացահայտումների կոռուպցիոն սկանդալից հետո հասարակության մեջ հեղինակությունը կորցրած վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ագրեսիվ եւ բռնապետական հեռուստատեսային ելույթներին:

 

Ինչպես հաղորդում է թուրքական «Զաման» թերթն իր ընթերցողներին կոչ է արել Էրդողանի խոսելու ժամանակ երեխաներին հեռու պահել հեռուստացույցից: «Վարչապետ Էրդողանի գռեհիկ, զրպարտանք, ատելություն, սուտ եւ անբարո արտահայտությունները մեր երեխաների եւ երիտասարդների հոգեբանական առողջության եւ ապագայի տեսակետից վերին աստիճանի վտանգավոր են», -նշել է թերթը:

 

Թերթը գրում է, որ Թուրքիայի ռադիոհեռուստատեսային հանձնաժողովը պետք է հեռուստաալիքներին հանձնարարի Էրդողանի ելույթների ժամանակ էկրանների վրա +13, կամ ավելի ճիշտ' +7 զգուշացնող նշան դնել: Թերթն իր առաջարկը կապում է «Խելամիտ խորհրդանշանների համակարգի» հետ, որը Թուրքիայում սկսել է գործել 2006 թ-ի ապրիլից: Այդ համակարգով նախատեսվում է վնասակար ազդեցություն, բռնություն, սարսափ, հեշտասիրություն բովանդակող ծրագրերի հեռարձակման ժամանակ հանդիսատեսի տարիքի սահմանափակման նշաններ կիրառել:

 

Թերթը նշում է, որ Էրդողանի ելույթները Թուրքիայում ուղիղ եթերով հեռարձակում են նվազագույնը 15 հեռուստաալիքներ եւ երեկոյան ժամերին երկարատեւ անդրադառնում մնացած բոլոր հեռուստաալիքները:

 

«Իսկ եթե հեռուստաալիքները եւ հանձնաժողովն անհրաժեշտ զգայունություն չեն ցուցաբերում, դա պետք է անեն ընտանիքները: Վարչապետի ելույթի ժամանակ ծնողները պետք է հեռու պահեն երեխաներին հեռուստացույցի էկրանից: Հակառակ դեպքում, նրանց մոտ կարող են անվերականգնելի հոգեկան խանգարումներ ի հայտ գալ: Դա իսկապես շատ կարեւոր հարց է մեր երկրի ապագայի եւ հասարակական հաշտության համար», -նշում է «Զաման»-ը: