«Արմավիա» ավիաընկերության աշխատակիցների մեծ մասը դեռեւս չի ստացել նախորդ տարվա աշխատավարձը: Նրանք այսօր հավաքվել էին «Սախարովի» անվան հրապարակին կից «Արմավիա» ավիաընկերության գլխամասային գրասենյակի մոտ' պահանջելու նախորդ տարվա փետրվար-մարտ ամիսների աշխատավարձերը, սակայն գրասենյակը, ինչպես եւ կանխատեսվում էր, փակ էր: «Արմավիա» ավիաընկերության նախկին պատասխանատուները մեզ որեւէ հստակ պատասխան չտվեցին' նշելով, որ նման ընկերություն որպես այդպիսին չկա, եւ հետեւաբար այս պահին աշխատակիցներ գտնելը եւ որեւէ մեկնաբանություն ստանալը եւս անհնար է: Այստեղից հարց է առաջանում, թե ումից են աշխատակիցները պահանջելու չմարված պարտքերը:

 

Ցույցի դուրս եկած նախկին աշխատակիցները պնդում են, որ ամեն ինչ անելու են իրենց աշխատավարձերը հետ ստանալու համար: Նրանք նշում էին, որ ընկերությունից խոստացել էին աշխատավարձերը փոխհատուցել երկու ինքնաթիռները վաճառելուց հետո, սակայն ինքնաթիռները երկու ամիս է, ինչ վաճառվել են, սակայն աշխատավարձերից դեռ լուր չկա: «Արմավիա»-ի աշխատակիցները գլխամասային գրասենյակից շարժվեցին Կառավարության շենք, սակայն որեւէ պատասխան չստանալուց հետո գնացին նամակ ուղղելու ՀՀ Նախագահի աշխատակազմին:

 

«Արմավիա» ավիաընկերությունը 2013թ. օգոստոսի 24-ին մարել էր եւս 16 բորտ-ուղեկցորդուհիների փետրվարի պարտքերը: Հուլիսի 16-ին ավիաընկերությունը մարել էր 18 բորտ-ուղեկցորդուհիների պարտքերը, և պարտքերի մարման գործընթացը շարունակվել է նաեւ օգոստոսին: Հարցազրույցներից մեկում «Արմավիա» ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը նշել էր, որ օդաչուների եւ բորտ-ուղեկցորդուհիների պարտքերը կազմում են 500 հազար դոլարին համարժեք դրամ:

 

Ավիաընկերությունը հայտարարել էր, որ «Արմավիա»-ի լուծարման գործընթացը կասեցված է, եւ ընկերությունն աստիճանաբար մարում է աշխատակիցների պարտքերը: «Արմավիա»-ն 2013թ. ապրիլի 1-ից դադարեցրել էր չվերթները։ Ավելի ուշ «Արմավիա» ավիափոխադրող ընկերությունը հայտարարել է, որ վաճառում է գույքն ու ինքնաթիռները՝ կուտակված պարտքերը մարելու համար: