Եվրախորհրդարանի պատվիրակությունը ԵԽ-ի արտաքին գործերի հանձնաժողովի ղեկավար Էլմար Բրոկի գլխավորությամբ մեկնել է Կիև' հանդիպելու Գերագույն Ռադայի պատգամավորների հետ: Այդ մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը: 12 անդամից բաղկացած պատվիրակության երկօրյա այցի նպատակը Ուկրաինայում քաղաքական ճգնաժամի կարգավորման գործըթնացին աջակցությունն է:

 

Փետրվարի 18-ին' Գերագույն Ռադայի նիստի օրը, Կիևում փողոցային լայնամասշտաբ գործողություններ էին վերսկսվել, որով ընդդիմությունը պահանջում էր վերականգնել խորհրդարանանախագահական կառավարման համակարգը, ինչպես նաև 2004 թվականի Սահմանադրությունը: Եռօրյա բախումների պատճառով Կիևում մահացել է մոտ 80 մարդ, բժշկական օգնության են դիմել 581 տուժածներ, որոնցից 371-ը հոսպիտակացվել է:

 

Փետրվարի 21-ին Ուկրաինայի Գերագույն Ռադայի 386 պատգամավորներ պաշտպանել են 2004 թվականի Սահմանադրությունը վերադարձնելու մասին օրենքը: Փետրվարի 22-ին Ռադան քվեարկել է նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին ազատ արձակելու օգտին: Պատգամավորները 322 կողմ ձայնով ընդունել են որոշում, որը թույլ է տալիս քրեական պատասխանատվության ենթարկելուց ազատել Յուլիա Տիմոշենկոյին: Նույն օրը Ուկրաինայի Գերագույն Ռադան նոր ղեկավար է ընտրել: Խորհրդարանի 333 ներկա պատգամավորներից 288-ի կողմ քվեարկությամբ Ռադայի ղեկավար է ընտրվել ամենախոշոր «Բատկիվշչինա» ընդդիմադիր խմբակցության փոխնախագահ, Յուլիա Տիմոշենկոյի «աջ ձեռքը» համարվող Ալեքսանդր Տուրչինովը: Ուկրաինայի Գերագույն Ռադայի «Բատկիվշինա» խմբակցության պատգամավոր Արսեն Ավակովն էլ նշանակվել է երկրի ներքին գործերի նախարար, որոշմանը կողմ է քվեարկել 275 պատգամավոր: