Ապահովագրական ընկերությունները հրաժարվում են հասարակական տրանսպորտի ոլորտում աշխատող մեքենաներին և տաքսիներին ամբողջ տարվա համար տրամադրել Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն (ԱՊՊԱ): Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը և նշեց, որ մի շարք վարորդների դժգոհություններից հետո այս հարցով սկսել են զբաղվել դեռևս նախորդ տարվանից:
«Որոշ ընկերություններ հրաժարվում էին ընդհանրապես այդ մեքենաներն ապահովագրելուց, բայց մեր ջանքերից հետո սկսել են միայն եռամսյակի համար ապահովագրել: Սակայն բոլորս գիտենք, որ դա շատ ավելի թանկ արժե՝ միանգամից ողջ տարվա համար ապահովագրելու համեմատ»,-ասաց նա:
Բաբկեն Պիպոյանը նշեց, որ սրա պատճառն այն է, որ այս մեքենաները բարձր ռիսկային են համարվում, քանի որ ողջ օրը երթևեկության մեջ են: Միաժամանակ նա ընդգծեց, որ ԱՊՊԱ-ի սահմանված գինը որոշակի հաշվարկների վրա է հիմնված և ներառում է նաև բարձր ռիսկային մեքենաների ծախսերը:
«Սա լրացուցիչ դրամ շորթելու յուրատեսակ ձև է, որին դիմում են ապահովագրական ընկերությունները: Օրենքը պարտադիր տուգանում է բոլոր նրանց ովքեր ապահովագրված չեն, իսկ ծառայություն մատուցող ընկերությունները խուսափում են իրենց անմիջական պարտականությունից: Այսինքն՝ մասնավոր ընկերությունները, որոնք լիցենզավորված են պետության կողմից, գործընթացը չեն իրականացնում պատշաճ կերպով»,-ասաց նա:
Բաբկեն Պիպոյանն ընդգծեց, որ հարցը պետք է փորձել լուծել միայն վերահսկող մարմինների օգնությամբ: