Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը իտալական www.notiziegeopolitiche.net կայքում հոդված է հրապարակել՝ ի պատասխան այդ նույն կայքում օրեր առաջ հրապարակված ստահոդ հոդվածի, որտեղ փաստերի ակնհայտ նենգափոխմամբ իտալացի հեղինակ Ջուլիանո Բիֆոլչին խոսում է Խոջալուի դեպքերի մասին՝ կրկնելով ադրբեջանական քարոզչամեքենայի վաղուց հայտնի թեզերը: Ներկայացնում ենք դեսպանի հոդվածի թարգմանությունը՝ որոշ կրճատումներով:
«Հարգելի խմբագիր,
Մենք կցանկանայինք պարզաբանում մտցնել Ջուլիանո Բիֆոլչիի կողմից գրված «Խոջալուի կոտորած. կոնֆերանս Հռոմում» վերտառությամբ հոդվածի կապակցությամբ, որը հրապարակվել է այս կայքում սույն թվականի փետրվարի 14-ին: Նախևառաջ, որպեսզի խուսափենք թյուրընկալումից, մենք անհրաժեշտ ենք համարում արտահայտել մեր խորը վիշտը Ղարաբաղյան կոնֆլիկտի բոլոր խաղաղ քաղաքացիական զոհերի կապակցությամբ:
Այժմ մենք մտածում ենք, արդյո՞ք կանխակալությունը, թե՞ խնդրի էության անտեղյակությունն է կանխորոշել ձեր հոդվածի պարունակությունը. ամեն դեպքում, դրանցից որ մեկն էլ լինի, հավասարապես ամոթալի է:
Մենք ցավով արձանագրում ենք, որ վերջերս որոշ լրատվամիջոցներ տարածում են տեղեկատվություն, որը տրամադրվում է Ադրբեջանի կողմից: Բնականաբար, ընթերցողն է, որ պետք է դատի այդ տեղեկատվության մասին, որ մշակվում է այն վարչակարգի կողմից, որն զբաղեցնում է 160-րդ տեղը 180 երկրների մեջ խոսքի ազատության ցուցանիշով՝ համաձայն «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության (Reporters Without Borders) զեկույցի և 139-րդը՝ քաղաքական և տնտեսական ազատությունների ցուցանիշով ըստ The Economist հանդեսի: Արժե նաև հիշատակել, որ Ադրբեջանի նախագահը, ով իշխանությունը ժառանգ ություն է ստացել իր հորից, իր հերթական՝ երրորդ նախագահական ժամկետի ընտրություններում 85 տոկոս ձայներով հաղթանակ տանելուց հետո ճանաչվեց «Կոռուպցիայի ոլորտում 2012թ. տարվա մարդ» OCCRP (Organized Crime and Corruption Reporting Project) կազմակերպության կողմից.
Հետաքրքիր է, որ այս հոդվածը հղում է տալիս փետրվարի 12-ին Իտալիայի Հելսինկյան Կոմիտեի և Մարդու իրավունքների միջազգային լիգայի (LIDU) կողմից կազմակերպված «Քաղաքացիական անձանց պաշտպանությունը զինված հակամարտությունների ժամանակ. Խոջալուի դեպքը» վերտառությամբ քննարկմանը: Տարօրինակ է, որ Իտալիայի Հելսինկյան կոմիտեն, ի տարբերություն աշխարհի այլ գործընկեր ազգային կոմիտեների, որոնք դատապարտում են ադրբեջանական վարչակարգի ավտորիտար և բռնատիրական բնույթը, գործում է որպես այդ նույն վարչակարգի խոսափող: Անհրաժ եշտ ենք համարում պարզաբանում մտցնել այն հարցերի շուրջ, որոնք շոշափվում են հեղինակի կողմից: Նախ պետք է նշել, որ կատարելապես սխալ է այս հակամարտությունը բնորոշել որպես «բախում Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի վրա իշխանություն հաստատելու համար»:
Իրականում խնդրի արմատները դեռևս խորհրդային շրջանում Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքի ժխտումն էր Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության իշխանությունների կողմից: 1980-ական թթ. վերջին Լեռնային Ղարաբաղը վերստին հարց բարձրացրեց Ադրբեջանի կազմից դուրս գալու վերաբերյալ՝ օգտագործելով ինքնորոշման իր իրավունքը, ինչին ի պատասխան Ադրբեջանի այն ժամանակվա ղեկավարությունը կազմակերպեց Ադրբեջանական ԽՍՀ տարբեր բնակավայրերի հայ ազգաբնակչության էթնիկ զտումներ:
1991թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի իշխանությունները, այն ժամանակ գործող ԽՍՀՄ Սահմանադրությանը համապատասխան, հռչակեցին իրենց անկախությունը Ադրբեջանից: Դրան, սակայն, հետևեց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած իսկական ռազմական ներխուժումը: Ավելի քան մեկ տարի Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի խաղաղ բնակչությունը ենթարկվում էր ԳՌԱԴ ռեակտիվ համակարգերի անդադար հրետակոծությանը և ադրբեջանական օդուժի կողմից կասետային ռումբերով հրթիռակոծմանը:
Ստեղծված իրավիճակում Հայաստանը միջազգային ուժերի ներգրավվածության լիակատար բացակայության պայմաններում ստանձնեց խաղաղ քաղաքացիական բնակչության պաշտպանության գործը, ինչպես նաև հումանիտար, տնտեսական և դիվանագիտական աջակցություն ցուցաբերեց հակամարտության զինված փուլի ընթացքում: Միևնույն ժամանակ, հայկական ինքնապաշտպանական ուժերը Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հրամանատարության ներքո էին մասնակցում ռազմական գործողություններին:
Ինչ վերաբերում է Խոջալու ավանում խաղաղ քաղաքացիական անձանց սպանությանը, ապա անհրաժեշտ եմ համարում նշել, որ պնդումը, թե «ադրբեջանցի խաղաղ բնակչությունը սպանվել է հայկական ուժերի կողմից», վաղուց արդեն իրեն սպառել է, առաջին հերթին այն փաստական տվյալների հետևանքով, որոնք ներկայացվել են հենց բազմաթիվ ադրբեջանական աղբյուրների կողմից և այդ ժամանակահատվածում տարածաշրջանում աշխատող արևմտյան լրագրողների վկայությունների միջոցով:
Ղարաբաղյան հակամարտությունն ուսումնասիրած մասնագետների համար նորություն չէ, որ Խոջալու ավանը Ադրբեջանի զինված ուժերի համար դարձել էր ռեակտիվ հրետանու ԳՌԱԴ կայանքների հենակետ, որտեղից նրանք ռմբակոծության էին ենթարկում հայ խաղաղ բնակչությանը:
1992թ. մայիսի 25-ից մի քանի օր առաջ Լեռնային Ղարաբաղի հայկական ինքնապաշտպանական ուժերի հրամանատարությունը սկսեց ռադիոյով տեղեկացնել ադրբեջանական ռազմական հրամանատարությանը և քաղաքացիական բնակչությանը ռազմական գործողության անխուսափելիության մասին, որը նպատակ ուներ չեզոքացնելու Խոջալուում տեղակայված ադրբեջանական հրթիռային կայանքները, ինչպես նաև նրանց հաղորդեց քաղաքացիական անձանց տարհանման համար թողնված մարդասիրական միջանցքի մասին»:
Այնուհետև դեսպան Ղազարյանը նշում է Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի և մի շարք ադրբեջանցի լրագրողների վկայությունների մասին, ըստ որոնց' կոտորածը տեղի է ունեցել Աղդամ քաղաքի մոտակայքում, որն այն ժամանակ վերահսկվում էր ադրբեջանական ուժերի կողմից, ուստի և հայկական ուժերը չէին կարող դրան մասնակից լինել: Շարունակելով հոդվածը՝ դեսպանը նշում է.
«Կարծում եմ Ադրբեջանի կողմից իրականացված այդքան մեծածավալ ավերածություններից և քաղաքացիական բնակչության շրջանում բազմահազար զոհերից հետո այդ երկիրը պետք է ավելի արժանահավատ հավատարմություն ցուցաբերի խաղաղ կարգավորման գործընթացին, որն իրականացվում է ԵԱՀԿ միջնորդությամբ: Միջնորդներին անարդյունավետության մեջ մեղադրելու փոխարեն Ադրբեջանի ղեկավարությունը պետք է վերջ դնի վերջին տարիներին նոր թափ առած հայատյաց քարոզչության և միաժամանակ սկսի իր հանրային կարծիքը նախապատրաստել խաղաղության, այլ ոչ մշտական հակամարտության: Խաղաղությունը կարող է կայացվել միայն այն առաջնորդների կողմից, ովքեր օժտված են քաղաքական խիզախությամբ»,- եզրափակում է իր խոսքը Սարգիս Ղազարյանը: