Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն ահազանգում է, որ ադրբեջանական հաքերային Antiarmenia խումբը փետրվարի 25-ի գիշերը եւ փետրվարի 26-ի ցերեկը իրականացնելու է հարձակումներ հայկական կայքերի վրա՝ կապված Խոջալուի դեպքերի հետ: Սամվել Մարտիրոսյանն այս մասին գրել է իր անձնական բլոգում' նաեւ նշելով, որ Սումգայիթի ջարդերի հետ կապված հայկական հաքերների կողմից հարձակումներ եւս սպասվում են:

 

1988 թվականի փետրվարի 27- 29-ը ընկած ժամանակահատվածում' Սումգայիթի ջարդերի ժամանակ, Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպվել է քաղաքի հայ ազգաբնակչության եղեռն և զանգվածային տեղահանություն:

 

1992թ. փետրվարի 25-26-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները կազմակերպեցին մարտական գործողություն' նպատակ ունենալով ապաշրջափակել Խոջալու բնակավայրի մոտակա օդանավակայանը և վնասազերծել հակառակորդի' հենց Խոջալույում գտնվող կրակակետերը, որտեղից ԼՂՀ բնակավայրերը ադրբեջանական օմօնականների կողմից պարբերաբար ենթարկվում էին հարձակումների: Խոջալուի ազատագրման և օդանավակայանի ապաշրջափակման մարտական գործողությունը սկսվեց 1992թ. փետրվարի 25-ին, ժամը 23:30-ին և ավարտվեց փետրվարի 26-ին, ժամը 3-ին: ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի ստորաբաժանումները խաղաղ բնակչության համար թողեցին միջանք' մարտական գործողությունների գոտուց անվտանգ հեռանալու համար, ինչի մասին ադրբեջանական կողմը նախօրոք զգուշացվել էր, սակայն ադրբեջանական կողմը հերքում է տվյալ փաստը: