ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը խորհրդարանում պարզաբանեց, թե որտեղ են ծախսվել երթևկության խախտման համար գանձված գումարները: «Դրանցից 500 միլիոն դրամ փոխանցվել է ֆինանսների նախարարության պահուստային ֆոնդին, որով զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց համար բնակարան է գնվել, 300 միլիոն ծախսվել է փոստային ծառայությունների վրա, 90 միլիոն տրանսպորտային միջոցների ձեռքբերման վրա»,- նշեց նախարա րը: Գումարները ծախսվել են տարբեր տեղեր, և նախարարը տվյալ պահին բոլոր ծախսերի մասին տեղեկությունը չուներ ձեռքի տակ:

 

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նախարար Թովմասյանը խնդրին անդրադարձավ պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին, որը վերաբերվում էր ճանապարհային տեսախցիկների և արագաչափերի հետևանքով ճանապարհատրասպորտային երթևկության խախտման համար տուգանքների ավելացմանը, ինչը լրացուցիչ հոգս է քաղաքացու համար: «Եթե պետությունը կարգ է սահմանել, ապա քաղաքացիները պետք է հետևեն այդ կարգին: Եթե մենք ձեր տրամաբանությամբ շարժվենք, պետք է հեռացնենք նաև ճանապարհային ոստիկաններին, և ոչ մի խախտում էլ չի արձանագրվի»,- նշեց նախարարը: Հրայր Թովմասյանը բացառեց, որ առանց ճանապարհատրանսպորտային երթևկության կանոնների խախտման քաղաքացին կարող է տուգանվել: