Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Արտաշատից Երևան, Երևանից Աշտարակ հատվածի շինարարական աշխատանքները կվերսկսվեն մարտից: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Սարգսյանը' հավելելով, որ մարտից կսկսվեն նաև նոր' Աշտարակից Թալին ավտոճանապարհի հողային աշխատանքները: «Երբ ջերմաստիճանը կայուն լինի' մեկ օր ու գիշերվա մեջ պլյուս 6 աստիճան գրանցվի, աշխատանքները կսկսվեն: Սա մասնագիտական պահանջ է, որ կարողանանք բետոնցման աշխատանքները թույլ տալ, որպեսզի բետոնը ճիշտ ամրանա, որակ ստանանք, հետագայում խնդիրներ չունենանք»,-ասաց Արթուր Սարգսյանը:
Նրա խոսքով' խոսակցությունները, թե Ասիական զարգացման բանկը դժգոհ է իրականացվող աշխատանքներից, չեն համապատասխանում իրականությանը: «Ասիական զարգացման բանկը դժգոհ չէ: Այս որակի, ստանդարտների, ձևի ծրագիրն առաջին անգամ է Հայաստանում, իհարկե, դժվարություններ առաջանում են, որոնք ընթացքում հարթվում են»,-ասաց Արթուր Սարգսյանը:
Սաստիկ ցրտերի պատճառով դեկտեմբերի 7-ից դադարեցվել էին Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Արտաշատից Երևան, Երևանից Աշտարակ հատվածի աշխատանքները: