Tert.am Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, թե իրեն կանգնեցրել են Ուկրաինայի պետավտոտեսչության աշխատակիցները և կաշառք պահանջել, տեղեկացնում է Грузия online գործակալությունը։
«Հեղափոխությունից երկու օր անց մեզ կանգնեցրին պետավտոտեսչության աշխատակիցներն ու վարորդից կաշառք խնդրեցին։ Ընդամենը երկու օր անց նրանք դարձյալ հին գործին են անցել։ Իհարկե, նրանց պետք է արագ փոխել»,-ասել է Վրաստանի նախկին նախագահը։
Նրա խոսքով՝ Ուկրաինան պետք է շտապ բարեփոխումներ իրականացնի։ Առաջնահերթ պետք է բարեփոխվի ոստիկանությունը, վարչական բարեփոխումներ պետք է տեղի ունենան, և դրանից հետո միայն պետք է բարեփոխվի պետական ապարատը։
«Այժմ կարևորն արագ բարեփոխումներ սկսելն է։ Մարդիկ կոնկրետ արդյունքներ են ուզում։ Մարդիկ կանգում էին փողոցներում, զոհվում ոչ թե այն բանի համար, որ դարձյալ պատերի հետևում գործարքներ տեղի ունենան։ Նրանք դուրս էին եկել, որպեսզի բնակվեն նորմալ, մարդկային երկրում։ Կարծում եմ՝ պետք է արագ բարեփոխումներ իրականացնել։ Պետք է մարդկանց զգացնել տալ, որ սառույցը վերջապես շարժվել է։ Դրա համար քաղաքական կամք է պետք»,-ասել է Սաակաշվիլին։
Վրաստանի նախկին նախագահը Կիևում է գտնվում փետրվարի 23-ից։