Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ ավագ որդու` Բիլալ Էրդողանի սկանդալային հեռախոսազրույցի' համացանցում հայտնված ձայնագրությունների մոնտաժված լինելը չի հաստատվել: Համացանցում հեռախոսային խոսակցությունների հայտնվելուց անմիջապես հետո Էրդողանի շրջապատը հայտարարել էր, որ ձայնագրություններն ուղարկվել են ա մերիկյան առաջատար John Marshall Media եւ Kaleidoscope Sound ձայնագրման ստուդիաներ' պարզելու նրանց իսկական լինելը: Որոշ ժամանակ հետո հայտարարվել էր, թե հիշյալ ընկերություններն իբրեւ հաստատել են ձայնագրությունների մոնտաժված լինելը:

 

Սակայն, վերոնշյալ ընկերություններն այսօր հանդես են եկել պատասխան հայտարարությամբ այն մասին, որ այդ ձայնագրությունների վերաբերյալ փորձագիտական գնահատական չեն տվել: Ընկերությունները նաեւ դատապարտել են Թուրքիայի վարչապետի շրջապատին, որ սուտ տեղեկություններ է տարածում' քողարկվելով հեղինակավոր փորձագետների անվան տակ:

 

Օրերս համացանցում տարածված ձայնագրություններում Թուրքիայի վարչապետը որդուն' Բիլալին հանձրարում է շտապ կերպով տանից դուրս բերել մոտ մեկ մլրդ դոլար կանխիկ գումարը եւ փոխանցել այն որոշ բիզնեսմենների: Որդին պատասխանում է, որ մնացել է ընդամենը 30 մլն եվրո, որը նույնպես դուրս կբերի տանից: Մյուս ձայնագրությունում էլ Էրդողանը Բիլալին հանձնարարում է, որպեսզի զբաղվի նաեւ եղբոր եւ քրոջ տներում եղած կանխիկ խոշոր գումարները ապահով վայրում թաքցնելու գործով: