Լոս Անջելեսից 7-ամյա Դիլան Շիգել անունով մի տղայի հաջողվել է 750.000 դոլար հավաքել իր «Շոկոլադե սալիկ» անվանումով գրքի վաճառքից, գրում է Daily Mail-ը։
Այժմ Դիլանը փորձում է այդ թիվը հասցնել 1 մլն դոլարի՝ իր լավագույն ընկերոջ՝ 8-ամյա Ջոնահ Փուրնազարյանի հիվանդության բուժման նպատակով (գլիկոգենոզ)։
Դիլանը շատ է մտահոգվել ընկերոջ հիվանդության մասին իմանալուց հետո։ Նրա ծնողները խոստացել են, որ կօգնեն որդուն թխվածքաբլիթների կամ լիմոնադի վաճառք կազմակերպել՝ գումար հավաքելու նպատակով, սակայն Դիլանն ավելի մեծ պլաններ է ունեցել։
«Մի՛ հովանավորեք ինձ։ Ես ցանկանում եմ գիրք գրել»,- ասել է Դիլանը։ Մեկ ժամ անց նա վերադարձել է ծնողների մոտ, մի քանի նկարներ դրել նրանց առաջ և հայտնել, որ դա իր գիրքն է։
Դիլանի ընտանիքի անդամները ձեռքով գրված և նկարազարդված գիրքը տպել են և 200 օրինակ վաճառել նրա դպրոցում։ Հետագայում Դիլանի գիրքը վաճառվել է ԱՄՆ բոլոր 50 նահանգներում և աշխարհի 42 երկրներում՝ հավաքելով ավելի քան 750.000 դոլար։
«Նա ավելի շատ գումար է հավաքել այս հիվանդության բուժման նպատակով, քան բժշկական հիմնադրամները»,- նշել է բժիշկ Վայնշթայնը։
«Whole Foods» ընկերությունը 1.000 շոկոլադե սալիկ է նվիրաբերել, իսկ «Barnes and Noble» գրքերի վաճառքով զբաղվող խոշոր ընկերությունը Դիլանի առաջին գրքի ընթերցանություն է կազմակերպել Լոս Անջելեսում, որը 5.000 դոլար է բերել։
Գրքի վաճառքից ստացված բոլոր եկամուտները և նվիրատվություններն ուղարկվել են Ֆլորիդայի համալսարանի Բժշկական դպրոց, որտեղ բժիշկների մի խումբ աշխատում է հիվանդության բուժման ուղղությամբ։
«Շոկոլադե սալիկ» արտահայտությունը Դիլանը հաճախ է օգտագործում իր գրքում։ Ըստ նրա՝ ծովափ գնալը շոկոլադե սալիկ է, լողալը շոկոլադե սալիկ է և օգնել ընկերոջը՝ ամենամեծ շոկոլադե սալիկն է, ասվում է գրքում։
Ջոնահ Փուրնազարյանի ծնողները՝ Ռաբինը և Լորան, պատմում են, որ իրենք ապրում են մշտական վախի մեջ։ Նրանք վախենում են, որ կարող են քնած մնալ և չհասցնեն տալ տղայի հատուկ սննդակարգի չափաբաժինը։
«Մենք հույս ունենք, որ միշտ կլսենք զարթուցիչի ձայնը, հակառակ դեպքում՝ նա կմահանա»,- պատմել են տղայի ծնողները։
Բժիշկ Վայնշթայնը նշել է, որ շնորհիվ Դիլանի գրքի՝ Ջոնահի բուժումն այժմ հնարավոր է։ «Դա այժմ իրական է։ Դա պարզապես երազանք չէ, որ այս երեխան կարող է բուժվել»,- ասել է բժիշկը։