Հայկական զինված ուժերը (ներառյալ Պաշտպանության բանակը) 2014 թվականի փետրվարի 1-ից 28-ն ունեցել է 1 զոհ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զոհերի թիվը նվազել է 2-ով։
տարբերանշան
Ռազմինֆոն հայկական բանակի կորուստները խմբավորել է ըստ երկու չափանիշների' «մարտական» և «ոչ մարտական»:
Որպես մարտական հաշվել ենք հրադադարի ռեժիմի խախտման կամ առաջնագծում ականների պայթյունների պատճառով կորուստները։
Ոչ մարտական կորուստները պայմանականորեն բաժանվել են մի քանի ենթաբաժինների՝ սպանություններ, ինքնասպանություններ, առողջական խնդիրներ, դժբախտ պատահարներ (ճանապարհատրանսպորտային պատահարներ, զենքի, զինամթերքի հետ վարվելու կանոնների խախտումներ, այլ պատահարներ)։
Աղբյուրներ
Ռազմինֆոն ցուցակները կազմելիս օգտվել է բացառապես բաց աղբյուրներից: Դրանք են գերատեսչական աղբյուրները՝ ՊՆ կայքը և մամուլի ծառայությունը, ՊԲ պաշտոնական կայքը, ինչպես նաև թեմային անդրադարձող հայկական լրատվամիջոցները, այլ բաց աղբյուրները։ Զեկույցը կազմելիս որոշ ճշտումներ արվել են նաև ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի հետ։
Կորուստներ
2014 թվականի փետրվար ամսվա միակ կորուստը ոչ մարտական է:
Փետրվարի 12-ին Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է 1995 թվականին ծնված զինծառայող Արշակ Զադայանը: Ավելի վաղ զինծառայողը հոսպիտալ էր տեղափոխվել սուր թոքաբորբ ախտորոշմամբ:
Զինծառայողը Գորիսից էր, բանակ էր զորակոչվել անցյալ տարվա գարնանը։ Ծառայում էր Արարատի զորամասերից մեկում։
Նշենք, որ Արշակ Զադայան մահվան դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ 376-րդ հոդվածի 2-րդ մասով։ Այն է՝ ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունից Ռազմինֆոյին հայտնել են, որ դեռևս ձերբակալվածներ չկան։
2014 թվականի փետրվարին թե Պաշտպանության բանակը, թե Պաշտպանության նախարարությունը զինված ուժերում վիրավորի մասին չի հայտարարել:
Հիշեցնենք, որ 2014 թվականի հունվարի 1-ից 31-նը հայկական զինուժն ունեցել է 4 զոհ և 1 վիրավոր։
Ադրբեջանի ռազմական կորուստների վերաբերյալ տեղեկությունը՝ այստեղ: