Թուրքիայում «Գյուլենի համայնքի» եւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության միջեւ առկա հակասությունները թափանցել են նաեւ Ադրբեջան: Համացանցում հայտնված Գյուլենի ձայնագրություններում խոսք է գնում Ադրբեջանում նուրսիստների մեծ հենարանների մասին, իսկ Բաքվի պաշտոնյաները դա կտրականապես հերքում են: Այս մասին հայտնում է «Ազադլըգ» թերթը:
Թերթը գրում է, որ Գյուլենի ձայնագրություններում հիշատակված Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ու արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հերքում են նուրսիստների հետ կապեր ունենալու մասին նրա պնդումները: Սակայն Գյուլենը հաստատել է Ադրբեջանի իշխանության մեջ իր ունեցած հենարանների առկայությունը: Դրանից բացի, կրոնական կառույցների հետ աշխատանքի գծով Պետկոմիտեի նախկին նախագահ Ռաֆիկ Ալիեւը հայտնել է, որ Ադրբեջանում նուրսիստները մեծ ուժ են կազմում եւ հավելել, որ նուրսիստները պետական ապարատում էլ են ներկայացված: Նրա խոսքով, պետական ապարատում նուրսիստների ներկայացվածությունը ձգվում է Նախագահի աշխատակազմից մինչեւ իրավապահ մարմիններ: Ռաֆիկ Ալիեւի հայտարարություններից հետո Ադրբեջանում լուրեր են տարածվել խորհրդարանում 20 պատգամավորների' նուրսիստների հետ կապեր ունենալու մասին:
«Դիտարկումները ցույց են տալիս, որ Էրդողանի իշխանության եւ «համայնքի» միջեւ հակասությունները երկու մասի են բաժանել Ադրբեջանի իշխանությունը: Կառավարության վերահսկողության տակ գտնվող մեդիա կառույցների մի մասը ավելի մեծ ակտիվություն է ցուցադրում նուրսիստներին հարվածելու գործում: Դրանք հիմնականում արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադդին Հեյդարովին եւ Նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիեւին մոտ կագնած ԶԼՄ-ներն են», -գրում է թերթը:
«Ազադլըգ»-ին հասած տեղեկություններով' Մեհդիեւի եւ Հեյդարովի խմբավորման կողմից այդ հարցը հատուկ ուռճացնելը լուրջ պատճառ ունի: Դա կապված է այն բանի հետ, որ նուրսիստների հետ կապեր ունենալու համար մեղադրվող չինովնիկներն ու պատգամավորները հիմնականում նրանց հակառակորդ Փաշաեւների մերձավորներն են:
«Գանիրա Փաշաեւան, Ջեյհուն Օսմանլըն եւ Էլնուր Մամեդյարովը Փաշաեւների մերձավոր մարդիկ են: Քեմալադդին Հեյդարովին եւ Ռամիզ Մեհտիեւին մոտ կանգնած մամուլը լայնորեն լուսաբանել է այդ հարցը: Սպասվում է, որ գործընթացը սրանից հետո եւս կշարունակվի եւ կխորանա», -թերթին հայտնել է կառավարությանը մոտ կանգնած աղբյուրը:
Մի քանի օր առաջ ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթը գրել էր, որ Թուրքիայի պաշտոնական շրջանակները Ադրբեջանի կառավարությանն են ներկայացրել Իլհամ Ալիեւի աշխատակազմում եւ կառավարությունում առկա բարձրաստիճան անձանց ցուցակը, ովքեր «գյուլենական համայնքի» անդամներ են կամ կապեր ունեն նուրսիստների կրոնական հոսանքի հետ: Այդ լուրը սկանդալ էր առաջացրել Ադրբեջանում:
Ֆեթուլլահ Գյուլենի աղանդի կողմից «հավաքագրված» չինովնիկների ցուցակում նշվել են Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բաժնի ղեկավար Էլնուր Ասլանովի, Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) փոխնախագահ Խալիգ Մամեդովի, կրոնական կառույցների հետ աշխատանքի գծով Պետկոմիտեի նախագահ Էլշադ Իսքենդերովի, նրա տեղակալ Գյունդուզ Իսմայիլովի, երիտասարդության եւ սպորտի փոխնախարար Ինթիգամ Բաբաեւի, պատգամավորներ Ջեյհուն Օսմանլըի, Գանիրա Փաշաեւայի, Նախագահի աշխատակազմին կից հասարակական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ֆարհադ Մամեդովի, Երիտասարդական հիմնադրամի նախագահ Ֆարհադ Հաջիեւի անունները: