Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Կոմիտաս 5 հասցեում անցած տարի տեղի ունեցած բախումների ժամանակ ոստիկանին հարվածելու մեջ մեղադրվող Armenia Today կայքի համակարգող, ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանի դեմ հարուցված քրեական գործով դատավարությունը, որը նախորդ անգամ հետաձգվել էր տուժող Վահան Վրթանեսյանի չներկայանալու պատճառով:

 

Տուժող Վահան Վրթանեսյանն իր ցուցմունքում ասաց, թե 2013 թվականի օգոստոսի 24–ին Կոմիտաս պողոտայում տեղի ունեցած ակցիայի ժամանակ մի շարք քաղաքացիների հետ Արգիշտի Կիվիրյանը անհնազանդ պահվածք էր ցուցաբերում, չէր ենթարկվում ոստիկանների հրամաններին, երբ վերջիններս նրան հորդորում էին դուրս գալ փողոցի երթևեկելի մասից։

 

«Ես նրան ուժով նստեցրել եմ ոստիկանության մեքենայի մեջ, նա էլի չէր ենթարկվում, անկանոն շարժումներ էր անում։ Ես նրան ձեռքերով պահում էի։ Կիվիրյանը ոտքերով խփում էր։ Ինձ սեռական բնույթի հայհոյանք տվեց, ասաց՝ կգնաս մորդ ու քրոջդ տենց կհրես ... մենք էլ մարդ ենք, ես էլ չդիմացա ու նրան «տականք» ասացի»,- ասաց տուժող ոստիկան Վահան Վրթանեսյանը, ավելացնելով, որ եթե չափն անցել է, ապա պատրաստ է ենթարկվել իրավական պատասխանատվության։
Կիվիրյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին հատուկ գումարտակի, 2-րդ վաշտի, 3-րդ դասակի հրամանատար Վահան Վրթանեսյանի հաղորդման հիման վրա, թե իբր Արգիշտի Կիվիրյանը հարվածել է նրան և զբաղվել ինքնավնասմամբ՝ գլուխը հարվածելով ոստիկանական ավտոմեքենայի դռանը:

 

Նշենք, որ Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին հատուկ գումարտակի, 2-րդ վաշտի, 3-րդ դասակի հրամանատար Վահան Վրթանեսյանի հաղորդման հիման վրա։

 

Տուժողն ասաց, թե Արգիշտի Կիվիրյանին ոստիկանություն տեղափոխելու ճանապարհին վերջինս ինքնավնասմամբ է զբաղվել՝ գլխով խփել է ավտոմեքենայի դռանը, ու երբ նկատել է, որ իր քթից արյուն է գալիս, սպառնացել է ոստիկանին, թե՝ դուք դատվելու եք։

 

«Երբ հասել են ոստիկանության բաժին, ես ինձ լավ չեմ զգացել, արյան ճնշումս իջել է, շտապօգնություն են հրավիրել, և էլ չեմ հիշում, թե ինչ է կատարվել արդեն այդ ժամանակահատվածում»,- պատմեց ոստիկանը։

 

Պատասխանելով փաստաբան Լուսինե Սահակյանի հարցին, թե դեպքի ժամանակ քանի ոստիկան է եղել, ո՞ր ստորաբաժանումներից, ո՞ր վաշտերից, տուժող Վրթանեսյանն ասաց, թե չի կարող պատասխանել հարցերին, քանի որ դա գաղտնիք է։

 

Լուսինե Սահակյանը միջնորդություն ներկայացրեց, ասելով, որ տուժողն իրավունք չունի չպատասխանել հարցերին, քանի որ դա քրեական պատասխանատվություն է ենթադրում։

 

Տուժող ոստիկանն ասաց, թե քաղաքացիները ևս իր նկատմամբ ուժ կիրառել են, մի քանի անգամ իրեն հարվածել են, սակայն այդ կապակցությամբ ինքը ոչ մի զեկուցագիր չի ներկայացրել։

 

Լուսինե Սահակյանի հարցին, թե ինչո՞ւ է Վահան Վրթանեսյանը կոնկրետ Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ միայն որոշել զեկուցագիր ներկայացրել, Վահան Վրթանեսյանն ասաց, թե քանի որ ոստիկանություն տեղափոխելու ճանապարհին Կիվիրյանը ինքնավնասմամբ է զբաղվել, ու նաև կծել է իր՝ ոստիկանի թևը, վերջինս էլ որոշել է զեկուցագիր գրել։

 

Դատական նիստի ընթացքում հարցաքննվեցին գործով երկու վկաներ ևս, իսկ մյուս վկաները կհարցաքննվեն հաջորդ նիստի ընթացքում, որը կողմերի համաձայնությամբ նշանակվեց մարտի 18-ին:

 

Տեսանյութը` Tert.am-ի: