Կրթություն ստանալիս կամ որեւէ նախաձեռնություն իրականացնելիս «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ ղեկավար, բնապահպան Կարինե Դանիելյանը որեւէ խոչընդոտ չի տեսել: Նրա գնահատմամբ, եթե կանանց մոտ ցանկություն կա, ապա խոչընդոտները կհաղթահարվեն: «Եթե ես տեսնում եմ մարտահրավերներ, որոնց լուծման ուղին գիտեմ, ապա չեմ կարող հանգիստ հետեւել իրադարձությունների զարգացմանը, պետք է մարտնչեմ եւ հասնեմ հաջողության»,- ասում է բնապահպանը:
Կարինե Դանիելյանը համոզված է, որ այսօր կրթության պահանջարկ չկա եւ խելացի մարդիկ քիչ են գնահատվում: Հենց դա է պատճառը, որ կանայք գնահատված չեն եւ իշխանության մարմիններում ներկայացված չեն: «Ինտելեկտուալ ֆեմինիզացում է նկատվում: Կանայք հիմանականում աչքի են ընկում ինտելեկտուալ կարողություններով, իսկ տղամարդիկ հաջողության են հասնում բիրտ ուժի եւ բիզնեսի շնորհիվ, եւ քանի որ Հայաստանում բիզնեսն ու քաղաքականությունը շաղկապված է, կանայք պաշտոններ չեն ստանում»,- ասաց Դանիելյանը:
Բնապահպանի խոսքերով' կանանց ներկայությունը միշտ զսպող դերակատարություն է ունենում, եւ տղամարդիկ իրենց ավելի ձիգ եւ հավաքված են պահում: Նա հիշում է, որ կառավարությունում աշխատելու տարիներին հաճախ է լսել, թե ինչպես են քննարկումների ժամանակ տղամարդ գործընկերներն կանանց ներկայությամբ ավելի զուսպ վարքագիծ դրսեւորել, հարցերը քննարկել մեղմ տոնով ու առանց հայհոյանքի: Դանիելյանը խոստովանում է, որ հետագայում տղամարդ գործընկերները պատմել են, որ իրենց զուսպ կեցվածքի «մեղավորը» կին գործընկերն է եղել:
Բնապահպանի խոսքերով, կնոջ համար շատ դժվար է անձնական կյանքը համատեղել հասարակական-քաղաքական գործունեության հետ: «Բացի այդ, մեր տղամարդիկ այդքան խիզախություն չունեն եւ երբեմն բարդույթավորվում են խելացի եւ կայացած կնոջ կողքին»,- ասաց Դանիելյանը: