Ազգային ժողովում շարունակվեց Միասնական քննչական կոմիտե ստեղծելու նախագծի քննարկումը:

 

Mediamall.am-ի թղթակցի հաղորդմամբ`ելույթով հանդես եկավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Վերջինիս խոսքով՝ վերջին տասը տարվա ընթացքում ՀՀ քննչական մարմիններն ինչ փոփոխության ասես չեն ենթարկում, գլխավոր դատախազությունը, և ընդհանրապես, դատախազությունը զրկվել է նախաքննություն իրականացնելու հնարավորությունից, սակայն, ըստ պատգամավորի՝ այս բոլոր փոփոխությունները ոչ մի դրական արդյունքի էլ չեն հանգեցրել:

 

«Սրա մասին են վկայում այն, որ մինչև օրս բացահայտված չեն ոստիկանապետի տեղակալ Գևորգ Մհերյանի, Ավետիք Բուդաղյանի ու Մարտի մեկի տասը զոհերի սպանությունները, քաղաքացիական ակտիվիստների հետ տեղի ունեցած միջադեպերը: Զարմանում ես, որ 21-րդ դարում կա մի երկիր, որտեղ նախաքննությունը տեղի է ունենում ցինզիմի այդպիսի աննկարագրելի աստիճան, և ուրեմն հարց է ծագում, բայց նախկին կառուցվածքային փոփոխություններն ինչու որակական փոփոխություններ չեն բերել մեր նախաքննությանը: Պատճառն այն է, որ այդ փոփոխություններն ունեցել են ձև ու չեն ունեցել բովանդակություն, իսկ եթե ունեցել են, ուրեմն եղել են ներիշխանական, ինտրիգային ու ինչ-որ տեղ նաև անձնավորված»,-ասաց Փաշինյանը:

 

ՀԱԿ պատգամավորի կարծիքով' օրենքը վերնագրված է Քննչական կոմիտեի մասին, բայց սա իրականում, ըստ նրա, օրենք է նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին գործի տեղավորելու մասին:

 

«Ազգային ժողովն այսօր ոչ թե օրենսդիր գործառույթ է իրականացնում, այլ ստանձնել է Աղվան Հովսեփյանին աշխատանքի տեղավորման գործակալի կարգավիճակ: Այս կոմիտեն ստեղծելու անհրաժեշտություն ծագեց այն ժամանակ, երբ նախագահ Սերժ Սարգսյանը որոշեց չվերանշանակել Հովսեփյանին գլխավոր դատաազի պաշտոնում: Իսկ սրա պատճառն այն է, որ Աղվան Հովսեփյանը 15 տարի գլխավոր դատախազ աշխատելու ընթացքում լուրջ լծակներ էր ձեռք բերել, իսկ նախագահը պիտի ցույց տար, որ առաջվա նման տիրապետում է իշխանական լծակներին»,-նշեց Փաշինյանը:

 

ՀԱԿ պատգամավորի խոսքով՝ Սերժ Սարգսյանը նման մի կոմբիանցիա էլ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ իրականացրեց՝ 2012 խորհրդարանական ընտրություններից առաջ' նրան պաշտոնանկ անելով ու հետո վերանշանակելով:

 

Ըստ պատգամավորի՝ նախագահն այս քայլով ուժեղացնում է վարչապետին, «ով, ի հեճուկս բոլոր ջանքերի, այդպես էլ չի կարողանում ուժեղանալ, բայց մի հատ էլ է լծակ տալիս՝ Հատուկ քննչական կոմիտեի պետի պաշտոնն այս փաթեթով վերցնում է գլխավոր դատախազից ու տալիս վարչապետին: Այնպես որ, Աղվան Հովսեփյանը հավատարմության երդում երկու տեղ պիտի տա՝ կառավարությունում ու Բաղրամյան 26-ում»,-ասաց Փաշինյանը: