Շատ դրական ենք վերաբերում նմանատիպ հանդիպումներին, որովհետև դա բնական գործընթաց է: Այս մասին Ազգային ժողովում' լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն' անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քաղաքական միասնական օրակարգ ձևավորելու նախաձեռնությանը՝ ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի հետ հանդիպումներին:

 

«Մեկ անգամ չէ, որ «Հանրապետականն» ասել է, որ մենք առողջ ընդդիմության, ոչ իշխանական առողջ համախմբման կողմնակից ենք, գաղափարական պայքարի կողմնակից ենք և գտնում ենք, որ եթե նման կոնսուլտացիաները շարունակվեն, միգուցե, չեն բացառվում, որ առաջին քայլերը կատարենք դեպի ամերիկյան մոդել, որտեղ կա երկու ազդեցիկ կուսակցություն՝ ամերիկյան դեմոկրատներ ու «Հանրապետական»:
Դե մեզ մոտ արդեն «Հանրապետականը» մի բևեռ է, մյուս բևեռը չեմ բացառում, որ մյուս կուսակցությունները կազմեն, օրինակ՝ ՀԱԿ-ը, միգուցե «Ժառանգությունը» կամ ՀՅԴ-ը, չեմ կարող ասել, միանան ԲՀԿ-ի հետ»:

 

Հարցին, թե ում նկատի ուներ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ նշելով, թե «որոշ մարդկանց մոտ այս հանդիպումներից առողջական խնդիրներ են առաջացել», Շարմազանովը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել, ԲՀԿ-ական գործիչներին հարցրեք՝ ում նկատի ուներ: Համենայն դեպս, մենք շատ դրական ենք վերաբերում նման համախմբումներին, և դրանք կարող են հանգեցնել, որ լինեն երկու բևեռներ՝ մյուս բևեռում ավելի փոքր կուսակցությունները առաջին քայլը կատարեն՝ միանալով «Բարգավաճին»»,-ասաց Շարմազանովը: