Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը խորհուրդ է տալիս չմոռանալ պարտադիր կուտակային վճարներ կատարող և ֆոնդեր ընտրած բազմահազար քաղաքացիների իրավունքների իրացման մասին: ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նման տեսակետ արտահատեց նախարար Արտեմ Ասատրյանը' պատասխանելով ՀՅ Դ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին' կապված կուտակային կենսաթոշակային օրենքի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման հետ: «Չե՞ք կարծում, որ պարտադիր վճարները պետք է արվեն աշխատողների կամարտահայտությամբ, և ոչ թե պարտադրաբար»,-հարց տվեց Արծիկ Մինասյանը:
Արտեմ Ասատրյանը հիշերեց, որ այդ որոշմամբ կասեցվել են օրենքի այն հոդվածները, որոնցով պարտադիր վճարներ չկատարելու համար գործատուներն ու աշխատողներն ազատվում են տույժ և տուգանքներից, ինչպես նաև ֆոնդերի ընտրությունը չի կատարվում ավտոմատ կերպով' համակարգի կողմից: «Գործատուներն են պարտավոր հաշվարկել ու բացառապես էլեկտրոնային հաշվետվությունների տեսքով ներկայացնել պարտադիր վճարները: Հարկ է նշել, որ էլեկտրոնային հաշվետվությունների համակարգը տարիների ընթացքում մշակված համակարգ է, բացի այդ' այն նաև բացառում է պատահական և միտումնավոր սխալները, այդպիսով' նման համակարգում փոփոխություններ կատարելը ընթացակարգեր է պահանջում: Ինչպես նաև չպետք է մոռանալ բազմահազար քաղաքացիների իրավունքների իրականացման մասին, ովքեր կատարել են ֆոնդի ընտրություն և պարտադիր վճարումներն են արել»,- նշեց Արտեմ Ասատրյանը:
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը Հայաստանում ուժի մեջ է մտել հունվարի 1-ից: Հունվարի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ կասեցվել էր «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 76-րդ հոդվածը և 86-րդ հոդվածի երրորդ մասը, որոնք, ազատում են պատիժներից, եթե գործատուները մինչև մարտի 28-ն իրենց աշխատողների աշխատավարձից չեն կատարում պարտադիր պահումները: «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի սահմանադրականության հարցը Սահմանադրական դատարանը կքննի մարտի 28-ին: