Որպես սկզբունք' մենք կողմ ենք հանդիպումներին: Արդյունավետ կլինեն դրանք, թե ոչ, կերևա հանդիպումից հետո, եթե կարողանանք պայմանավորվել ինչ-որ հարցերի շուրջ և այդ պայմանավորված հարցերն իրականացնենք: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն' անդրադառնալով ԲՀԿ-ի կողմից կազմակերպվող հանդիպումներին' ոչ իշխանական ուժերի հետ:
Ռուբեն Հակոբյանի խոսքով՝ առաջիկայում կլինի այդ հանդիպումը, բայց առայժմ «Ժառանգությունը» քննարկում է, թե հանդիպմանը Րաֆֆի Հովհաննիսյանը ներկա կլինի, թե ոչ:
«Այսօր իշխանության միակ խնդիրն այն է, որ խոչընդոտի այս 4 քաղաքական ուժերի համագործակցությանը: Հասկանալի է, որ չի ուզում այս համախմբումը կայանա. դա իրենց գործն է: Ես կասեմ, որ վերջին երեք, չորս ամիսների ընթացքում, երբ սկսվեց այս գործընթացը, «Բարգավաճն» այս ամբողջ ընթացքում իրեն դրսևորել է իսկապես ընդդիմություն, ես նկատի ունեմ և՛ կուտակային ֆոնդի հետ կապված, և՛ գազի հարցի ուսումնասիրման հարցերը: Այս վերջին խորհրդարանական քննարկումներում ԲՀԿ-ն իրեն դրսևորում է որպես ընդդիմություն: Ինչ վերաբերում է' ինչու է կոչվում ոչ իշխանական ուժեր, հասկանալի է, որ ամեն անգամ, որպեսզի չկրկնենք երեք ընդդիմադիր ուժ և մեկ այլընտրանք, ուղղակի ընդամենը ձևակերպում ենք տալիս «ոչ իշխանական ուժ», բայց հասկանալի է, որ երեք ընդդիմադիր ուժ կա և կա այլընտրանք»,-ասաց Ռուբեն Հակոբյանը:
Վերջինս նշեց, որ ԲՀԿ-ի՝ ընդդիմադիրի դիրքերից հանդես գալն իսկապես նպաստում է արդյունավետ համագործակցությանը: