Հայաստանը միակ երկիրն է, որտեղ եզդիները կրթություն են ստանում: Այս երևույթը մարտի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ողջունեց Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը: «Խորհրդային տարիներին մենք հնարավորություն չենք ունեցել զարգացնել մեր մշակույթը: Այսօր մեր երիտասարդները կրթություն են ստանում և անգամ աշխատում դպրոցներում: Սակայն մենք չունենք մեթոդիստներ, մեր ուսուցիչները չեն վերապատրաստվում, ինչը շատ կարևոր կլիներ իրականացնել»,-ասաց Ազիզ Թամոյանը' ընդգծելով, որ Հայաստանի անկախացումից ի վեր եզդիական համայնքի համար կենսագործունեության բարենպաստ պայմաններ են ստեղծվել:

 

Միության նախագահն ուրախությամբ նշեց, որ արդեն 10 տարի է 32 դպրոցներում դասավանդում են եզդիների լեզուն և գրականությունը, ինչպես նաև ունեն կեսժամյա ռադիո հաղորդում, ինչը քարոզչության լավ միջոց է: «Կցանկանայի, որ բոլոր երիտասարդները սովորեն, ավարտեն, կրթված լինեն: Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ կրթությանը մեծ տեղ են հատկացնում: Ինչպես տղաները, այնպես էլ աղջիկները պետք է սովորեն: Սակայն մենք մի ցավալի կողմ ունենք' ամուսնության խնդիրը: Դարերից եկել է, որ մեր աղջիկներն ամուսնացել են 13, 14,15 տարեկանում: Բայց հիմա ես կցանկանայի, որ աղջիկները սկզբում սովորեն, հետո ամուսնանան»,-ասաց Ազիզ Թամոյանը:

 

Անդրադառնալով աշխատանքի խնդրին' Եզդիների միության նախագահը նշեց, որ նրանց համար շատ դժվար է աշխատանք գտնել: «Ցավոք, եզդիները չեն կարողանում աշխատանք գտնել: Ինչպես որոշ հայեր, եզդիները նույնպես մեկնում են այլ երկրներ»,-նշեց Ազիզ Թամոյանը:

 

Աշխարհում մոտ 3 միլիոն եզդի կա: Նրանցից 1 միլիոնից ավելին բնակվում է Իրաքի հյուսիսային հատվածում, մոտ 60 հազարը' Հայաստանում: 2002թ. Հայաստանում ընդունված «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքի մի շարք հոդվածներ ուղղված են ազգային փոքրամասնությունների և լեզուների իրավունքներին։