Հայաստանում առաջին անգամ կհաշվառեն և կհամարակալեն խոշոր եղջերավոր կենդանիներին: Այս մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստում: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի խոսքով' խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման, գրանցման և անձնագրավորման գործընթացի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում առկա գլխաքանակի, դրանց սեռի, ցեղի և գտնվելու վայրի, տեղաշարժի մասին հավաստի տեղեկությունների ստացումն ու անասնաբուծական արտ ադրանքի ծավալների կանխատեսումը:

 

«Այն կնպաստի նաև վաճառվող մսի և մսամթերքի նկատմամբ սպառողների վստահության բարձրացմանը, պետական պատվերի շրջանակներում հակահամաճարակային միջոցառումների լիարժեք իրականացմանը և հիվանդությունների կանխարգելմանը, անասնաբուժական վերահսկմանը»,- ասաց Կարապետյանը: Ըստ նրա' կենդանիների համարակալումը թույլ կտա լավագույնս վերահսկել երկրի ներսում կենդանիների տեղաշարժը, ինչպես նաև ապահովել միջազգային ստանդարտներով սահմանված պահանջները՝ միջազգային շուկա մուտք գործելը:

 

2012թ. վերջին ՀՀ վարչապետի որոշմամբ խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման, գրանցման և անձնագրավորման ծրագիր է իրականացվել ՀՀ Վայոց ձորի մարզում: Ծրագրի շրջանակում մշակվել է «ԱՆԻ ՊԱՍ» համակարգը, որը հնարավորություն է տալիս մուտքագրել և վերլուծել կենդանու և դրա առողջության վերաբերյալ տեղեկությունները և պահպանել դրանք: Մշակվել են համակարգից օգտվելու ուղեցույցը, տվյալների գրանցման մատյանները, միասնական ձեռնարկը: «ԱՆԻ ՊԱՍ» համակարգ է մուտքագրվել մարզի կենդանիների ամբողջ գլխաքանակը, ընդամենը 23 հազար 98 գլուխ:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության առաջարկով ՀՀ կառավարությունը որոշել է ծրագիրն իրականացնել ամբողջ երկրում: Իբրև սկիզբ ենթադրվում է ձեռք բերել կենդանու ականջապիտակը, դակող գործիքը, անձնագիրը, գրանցամատյանները, տվյալների պահման սերվերը, համայնքներում նշանակել սպասարկող անասնաբույժներ, կնքել աշխատանքային պայմանագրեր և այլն: Ակնկալվում է, որ միջոցառումը հնարավորություն կտա առավել արդյունավետ, կանխատեսելի և վերահսկելի դարձնել կենդանիների տեղաշարժի, հիվանդությունների հսկողության, հակահամաճարակային միջոցառումների իրականացման աշխատանքները: