Ղարաբաղյան կողմը չունի սովորություն կրակելու խաղաղ բնակչության վրա, և այդ աշխատաոճը պատկանում է բացառապես հակառակորդին: Այս մասին հայտարարեց ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը' «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունն այն մասին, իբր ղարաբաղյան զինված ուժերն Աղդամի շրջանում կրակել են հուղարկավորության արարողությանը մասնակցող խաղաղ բնակչության վրա:
«Այդ ամենն ադրբեջանական քարոզչամեքենայի արդյունք է, սովորական սուտ: Եթե ղարաբաղյան կողմը կրակ է բացում, ապա բացում է ըստ անհրաժեշտության միայն և բացառապես հակառակորդի մարտական դիրքերի ուղղությամբ: Մեր գաղափարախոսությանն անընդունելի է կրակել խաղաղ բնակչության վրա»,- ասաց Սենոր Հասրաթյանը' հավելելով, որ սահմանին իրավիճակը նույնն է: Ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում է զինադադարի ռեժիմը, ինչին հայկական կողմը պատասխանում է միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Մարտի 13-ին հիշյալ գործողությունը ԼՂ զինուժին էր վերագրել ադրբեջանական «ԱՊԱ»-ն: