Գյումրու փողոցներում ստեղծված «արտակարգ» իրավիճակը կրկին քննարկման առարկա էր Գյումրու քաղաքապետի գլխավորությամբ, մարտի 14-ին, քաղաքապետարանում հրավիրված խորհրդակցության ժամանակ: Խորհրդակցությանը ներկա շահագրգիռ կողմերը նախ փորձեցին ներկայացնել այն աշխատանքը, որը կատարվել է անցած 10 օրերի ընթացքում:

 

Գյումրիում KfW գերմանական բանկի վարկային ծրագրով և «Շիրակջրմուղկոյուղի» ընկերության պատվիրատվությամբ իրականացվում են ջրագծերի բարեկարգման աշխատանքներ: Սակայն, մինչ ծրագրի ավարտը, այն փողոցներում, որտեղ իրականացվում են ջրագծեր փոխելու աշխատանքներ, ստեղծվել է «արտակարգ իրավիճակ»: Աշխատանքերն իրականացնող կապալառու՝ «Դորոժնիկ» և «Սադե» ընկերությունների ներկայացնուցիչները դեռ անցած հանդիպման ժամանակ, որը տեղի ունեցավ մարտի 3-ին, վստահեցրին, որ իրենց կողմից աշխատանքները պատշաճ են իրականացվել, կատարվել է նաև խճապատում, սակայն փողոցների ցեխն առաջացել է քաղաքի գրունտում կավահողի մեծ պարունակության և ջրահեռացման համակարգի բացակայության պատճառով: Թեև հանդիպման ընթացքում կապալառու կազմակերպությունները վստահեցրին, որ աշխատանքներ կատարվում են ցեխը մաքրելու և քանդված հատվածները բարեկարգելու ուղղությամբ , բայց, ըստ քաղաքապետի, կատարվածը տեսանելի չէ, ավելին՝ ցեխը երկրոդական փողոցներից հասել է կենտրոնական փողոցներ:

 

«Երկուշաբթի օրվանից երկու շինարարական ընկերություններն էլ չորսական բրիգադներով կաշխատեն: Մեզ համարել է ցավ Գյումրին տեսնել այս վիճակում, ամեն ինչ կանենք այս վիճակը շտկելու համար, իսկ միչև մարտի վերջ կկազմենք ժամանակացույց՝ հիմքում ընդունելով այն, որ մինչև մի փողոցն ամբողջովին չավարտենք, չենք անցնի հաջորդ փողոցին»,- հանդիպման ժամանակ նշեց ներդրումային ծրագրերի պատասխանատու Նորիկ Գևորգյանը:

 

«Լավ է, որ կունենանք նոր ջրագծեր. այսօրվա ընթացքում իմացա, որ ջրագծերի 32 վթար է տեղի ունեցել, բայց համբերությանը չափ կա, երբ ստեղծված իրավիճակի պատճառով երեխան տանից չի կարող դուրս գալ: Պետք է այնպես կազմակերպել աշխատանքները, որ բնակչին վնաս չտանք: Մի քանի օր առաջ Նորավան թաղամասում թաղման արարողության էր. փողոցներում ստեղծված իրավիճակի պատճառով ստիպված տեխնիկա ուղարկեցինք»,- նշեց քաղաքապետը:

 

Հանդիպման ընթացքում Գյումրու քաղաքպետարանի շրջակա միջավայրի պահպանության և բնակկոմունալ տնտեսության բաժնի պետ Կնյազ Մանասյանին հանձնարարվեց նաև, գիշերն աշխատեցնելով քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող անբոողջ տեխնիկան, մաքրել քաղաքի կենտրոնական հատվածի փողոցների ցեխը, իսկ կապալառու կազակերպություններին հանձնարարվեց ավելի լուրջ մոտենալ հարցին և սկսել աշխատել՝ նախ մաքրելով և քաղաքից տեղափոխելով արդեն կուտակված ցեխը:

 

Գյումրիում այս պահին շուրջ 130 փողոց գտնվում է նման վիճակում: