Սիրիայի խորհդարանը ավարտել է քննարկումները ընտրությունների վերաբերյալ և հաստատել համընդհանուր ընտրությունների մասին օրինագիծը: Վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, համաձայն խորհրդարանի ընդունած որոշման՝ ընտրություններին չի կարող մասնակցել սիրիացի փախստականների մեծ մասը: Ընտրու թյուններին մասնակցողները պետք է ունենան սիրիական անձնագիր, որտեղ պարտադիր է սահմանն օրինական հատելով ելքի կնիքի առկայությունը:

 

Սիրիացի փախստականների մեծամասնությունը, որը Սիրիայի տարածքից հեռացել է երեք տարիների ընթացքում, հնարավոր է սահմանը հատել է առանց անձնագրերում պաշտոնական ելքի կնիքի: Ուստի, հարևան երկրներում գտնվող մոտ 5 միլիոն սիրիացիների մեծամասնությանն արգելվում է մասնակցել ընտրություններին: Բացի այդ, նախագահի թեկնածուն պետք է վերջին 10 տարիների ընթացքում բնակվի Սիրիայի տարածքում: Ուստի, Սիրիայի արտաքին ընդդիմության ղեկավարներից ոչ ոք չի կարող մասնակցել ընտրություններին:

 

Սիրիայի Նախագահ Բաշար ալ Ասադի լիազորություններն ավարտվում են այս տարվա հուլիսի 17-ին: Նախագահ Ասադը մինչև այժմ պաշտոնապես չի հայտարարել ընտրություններին մասնակցելու որոշման մասին, միայն հայտարարել է, որ եթե սիրիացիները ցանկանան իրեն տեսնել նախագահի պաշտոնում, նա կառաջադրի իր թեկնածությունը:

 

Սիրիայի արդարադատության նախարար Նաջիմ ալ Ահմադը խորհրդարանի նիստից հետո նշել է, որ երկրի անկախ դատական իշխանությունը լիազորություն ունի ապահովելու ընտրությունների թափանցիկությունը, չեզոքությունը և արդարությունը: Բարձրագույն խորհուրդը ոչ ոքի թույլ չի տա խոչընդոտել արդարադատությանը: Նախարարը հավաստիացրել է, որ Սիրիայի քաղաքացիները կարող են ազատ կատարել իրենց ընտրությունը:

 

 

Տաթևիկ Հարությունյան