«Քարե երազներ» գրքի հեղինակ Աքրամ Այլիսլին, որի հրատարակումը Ադրբեջանում զանգվածային հիսթերիայի պատճառ էր դարձել, օրերս հարցարզրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը, որում նա հայտարարել է, որ վեպում անդրադարձրել է ճշմարտության վրա հիմնված պատմություններ: Ինչպես հաղորդում է novostnik.ru կայքը, Այլիսլին ասել է, որ «Ք արե երազներ» գիրքը գրել է հայերի կոտորածներին ականատես իր ծնողների եւ ազգականների պատմած պատմությունների հիման վրա:
«Դրանք բոլորը ճշմարիտ պատմությունների հիման վրա եմ գրել»,- ասել է նա:
Այլիսլիի խոսքով' ինքը համոզված է, որ Ղարաբաղի խնդիրը զենքով լուծելը պետական գաղափարախոսություն եւ քաղաքականություն է, սակայն, իր կարգի գրողը ոչ մի կերպ չի կարող համաձայնել այդ թշնամական քաղաքականության հետ:
«Դեռեւս պատգամավոր չեղած ժամանակ ես խորհրդարանում հայտարարել եմ, որ վատ խաղաղությունը լավ պատերազմից շատ ավելի լավ է: Եթե պատերազմ եք ուզում, ապա ձեր որդիների, ազգականների, ընկեր-բարեկամների հետ միասին բրիգադ կազմեք, անցեք առաջ, մենք էլ կգանք ձեր հետեւից: Այն ժամանակ ինձ մեղադրեցին, թե «հայրենիք» հասկացողությունը ոչ թե սրտումս է, այլ լեզվիս վրա: Շատ եմ ցավում, որ մեր երկրում «հայրենիք» հասկացությունը բոլորի լեզվի վրա է, իսկ դա սրտում տանողներին դժվար է գտնել»,- ասել է նա:
«Քարե երազներ» վեպում Աքրամ Այլիսլին ականատեսների աչքերով հանգամանորեն նկարագարել է Ադրբեջանում անցյալ դարասկզբին Նախիջեւանում' Ագուլիսում եւ 1988-1990 թթ-երին Սումգայիթում եւ Բաքվում իրագործված հայկական ջարդերն ու ադրբեջանցիների վայրագությունները: Վեպն անցյալ դեկտեմբերին հրապարակվել է ռուսաստանյան «Դրուժբա նարոդով» հանդեսում:
Վեպի հրապարակումից երկու ամիս անց, Ադրբեջանի իշխանությունները Այլիսլիի դեմ զանգվածային հիսթերիա են հրահրել: Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւը հրամանագիր է ստորագրել 1988 թ-ին Աքրամ Այլիլիսլիին շնորհված «Ժողովրդական գրող» կոչումից եւ նախագահական թոշակից զրկելու մասին: «Ժամանակակից Մուսավաթ» իշխանամետ կուսակցության առաջնորդը կուսակցության երիտասարդական թեւի անդամներին 10 հազար մանաթի պարգեւի դիմաց հանձնարարել էր կտրել Այլիսլիի ականջը:
ԱՄՆ պետքարտուղարությունը, ԵԱՀԿ Բաքվի գրասենյակը եւ Եվրամիությունը դատապարտել են Ադրբեջանում Այլիսլիի հալածանքները եւ իշխանություններին կոչ արել կատարել նրա անվտանգությունն ապահովելու իրենց պարտավորությունները:
Աքրամ Այլիսլիի դեմ Ադրբեջանի իշխանությունների հրահրած զանգվածային հետապնդումների իրական պատճառն այն է, որ նա վեպում ակնարկել է իշխանության գալու նպատակով Սումգայիթում հայկական ջարդերը Հեյդար Ալիեւի կողմից հրահրված լինելու մասին:
Մի խումբ աշխարհառչակ գործիչներ օրերս Աքրամ Այլիսլիին ներկայացրել են որպես խաղաղության բնագավառում Նոբելյան մրցանակի թեկնածու:
Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» գիրքը «Արմենպրես» լրատվական գործակալության «Երեւանյան բեսթսելեր» հատուկ նախագծի «Տարվա արտասահմանյան բեսթսելեր» անվանակարգի հաղթող է: