Լուրեր.com-ի զրուցակիցն է ԱՊՀ երկրների երիտասարդական միության կողմից' Անդրանիկ Նիկողոսյանը:


-Ո՞րն է ձեր կողմից իրականացվող միջոցառումների հիմնական նպատակը, և ի՞նչ են տալիս նմանատիպ միջոցառումները հայ և ռուս ժողովուրդներին:

 

- Նմանատիպ միջազգային ֆորում առաջին անգամ է անցկացվում Հայաստանում, և հիմնական կարևորությունն այն է, որպեսզի ավելի մատչելի և հասանելի լինեն տեղի ունեցող գործընթացներն' ինչպես Հայաստանի, այնպես էլ ԱՊՀ մյուս երկրների հասարակությունների համար: Հայաստանն արդեն սեպտեմբերի 3-ին որդեգրել է եվրասիական ընտանիքի ինտեգրման գործընթացը, տեղեկատվական և ինֆորմացիոն դաշտում կար բավականին մեծ բաց, և հարկավոր էր հայ հասարակությանը, հանրությանը, հատկապես' երիտասարդությանը, տեղեկացնել եվրասիական ընտանիքի կարևորության, դերի և տեղի ունեցող գործընթացների, խնդիրների մասին:


-Ի՞նչ կտա Հայաստանին Մաքսային միությանն անդամակցելը:

 

- Մաքսային միության մեջ մենք տեսնում ենք մեր ազգային շահերը, հեռանկարները և ընդհանուր պատմությունը, որը միավորում է եվրասիական ընտանիքին անդամակցելու գործընթացներին մասնակցելու մեջ: Կախարդական փայտիկով մեկ վայրկյանում ՄՄ-ն որևիցե լավ բան Հայաստանին չեմ կարծում, որ պետք է տա: Մաքսային միությունը Հայաստանին կարող է տալ շատ ավելի լայն հնարավորություններ և Հայաստանի համար առավել ընդլայնված տնտեսական դաշտ ստեղծելու հնարավորություն, բայց դա պետք է լինի ավելի շատ Հայաստանի կողմից նախաձեռնություններով, նոր ծրագրերի առաջարկություններով և համախմբված աշխատանքների արդյունքում, որպեսզի Հայաստանը որքան հնարավոր է իր շահերն ամրապնդի ՄՄ-ում և ինչքան հնարավորություն կա ընդունի ՄՄ-ից, որ ստեղծվեն նոր աշխատատեղեր, որպեսզի սոցիալ-տնտեսական վիճակը զարգանա և դրա համար պետք է ժամանակ և հետևողական աշխատանք, որի արդյունքում ՄՄ-ն Հայաստանին կտա շատ մեծ, դրական առաջընթաց:


- Ի՞նչ կարծիք ունեք Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:

 

- Ես որևիցե գնահատական չեմ պատրաստվում տալ Ուկրաինայում տեղի ունեցող վերջին իրադարձություններին: Ես շատ լավ քաջատեղյակ եմ տեղի ունեցող պրոցեսներին, որովհետև ինքս ներկայացնում եմ մի կառույց, որն Ուկրաինայում ևս լայնամասշտաբ ծրագրեր է իրականացրել, իրականացնում և իրականացնելու, բայց ես չեմ ուզում այնտեղ տեղի ունեցող խնդիրները և գործընթացները տեղափոխել ՀՀ: Ես չեմ կարծում, որ Ուկրաինական սցենարը Հայաստանում տեղի կունենա, այլ կլինի ճիշտ հակառակը:

 

Մենք ուկրաինական սցենար չենք ունենալու: Ուկրաինայում մի մասն իր կամքն արտահայտեց, մյուս մասն էլ իր կամքը և այժմ Ուկրաինայի բավականին մեծ տարածաշրջան ամբողջությամբ անցավ Ռուսաստանի կազմի մեջ: