«Ես ստիպված եմ արձագանքել Սամվել Հարությունյանի, մեղմ ասած, անպատասխանատու հայտարարություններին: Ես գրչի մարդ չեմ և ոչ էլ պետական, քաղաքական գործիչ:
Ս. Հարությունյանն արդեն հոգնեցրել է իր ստահոդ հայտարարություններով, որոնք ընդամենը միտված են սեփական ձախողման համար «մեղավոր» մարդկանցից վրեժխնդիր լինելուն:
Ընկեր Սամվել Հարությունյանը ժամանակին վայելել է «Կոմսոմոլի» ու Կոմկուսի բոլոր «բարիքները»՝ գլխավորելով Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի համապատասխան կազմակերպությունները: Հետո անհասկանալի պատճառով հեռացավ կամ հեռացրին ինստիտուտից (իհարկե ոչ պաշտոնական հրամանով)՝ որոշ մարդկանց ասելով Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտից հեռացրին «ուսանող ընդունելու համար»: Ճիշտը իրենից հարցրեք: Եկավ Գորիս:
Գորիսում տեղի ունեցած մի միտինգի ժամանակ հրապարակավ պատռում է «իր կուսակցական տոմսը»: Դրանից հետո Գորիսում ասում էին, որ պատռել էր ուրիշի կուսակցական տոմսը, այլ ոչ թե իրենը: Ա՜յ քեզ բան: Հետաքրքիրն այն է, որ մտերիմների մոտ նա երբեմն պարծենում էր ամբոխին մոլորեցնելու իր այդ հիասքանչ հնարամտության, յուրատիպ ինքնադրսևորման համար:
Դրանից հետո քանի-քանի անգամ, հավանաբար մեծ հաճույքով ու հեշտությամբ փոխում է (հրաժարվում, հեռացվում) իր կուսակցական պատկանելությունը: Հիշում եմ, որ կոմկուսից հրաժարվելուց հետո հանդես եր գալիս, որպես ակտիվ ՀՀՇ-ական, այնուհետև դարձավ դաշնակցական, իսկ հետո մի քանի անգամ փոխեց կուսակցությունները, որին հետագայում կանդրադառնամ: Միայն նշեմ, որ ընտրությունից ընտրություն հանդես էր գալիս այլ կուսակցությունների կամ խմբակցությունների անունից և ինչպես ինքն էր ասում՝ «այս անգամ այլ կուսակցական խողովակներով»: Կայծակնային դավաճանությամբ, մեկ շրջադարձով դարձավ այս անգամ արդեն ազգայնական գործիչ: Սակայն Դաշնակցությունը չէր կարող երկար հանդուրժել նման կարիերիստ, վախկոտ, դավաճան կուսակցական գործչին: 1994 թվականին Սամվել Հարությունյանը հեռացվեց Դաշնակցության շարքերից: Ինչի՞ համար, հարցրեք իրեն կամ ՀՅԴ կուսակցությանը:
Մի անգամ էլ, հիշում եմ, պառլամենտական ընտրությունների ընտրապայքարում հայտնվեց բոլորովին այլ, անսպասելի կերպարով և կարգավիճակով: Այս անգամ էլ, թե ինչպես էր կարողացել (ինքը կիմանա)՝ չգիտեմ, ձեռք էր բերել Արցախի բանակի հրամանատար Սամվել Բաբայանի վստահությունը: Տասնյակ տոննաներով դիզվառելիք էին տեղափոխում Գորիս, սպառնալիքներով, ծեծով ստիպում համայնքների ղեկավարներին, որպեսզի այդ վառելիքը տեղափոխեն և օգտագործեն որպես ընտրակաշառք: Շատերին գիշերները հանում էին տներից, սպառնում, ծեծում, որ չաջակցեն մյուս թեկնածուներին: Եվ հետաքրքիրն այն էր, որ ցերեկները նա նախընտրական ճառերում դատապարտում էր ընտրակաշառքն ու իշխանությունների կամայականությունները, սակայն ինքը նույն բանը կատարում էր գիշերները: Արդյունքում՝ ստացավ ամոթալի, չնչին քանակի ձայներ: Որպես գաղտնիք հայտնեմ բոլորին՝ Գորիսի քաղաքապետի ընտրությունների ժամանակ, երբ ինքը քաղաքապետի թեկնածուներից մեկն էր, նրա եղբայրը հակառակորդ թեկնածուի շտաբի պետն էր: Կեցցե՛ն ազատ, արդար ընտրությունները, կեցցե՛ դեմոկրատիան:
Սամվել Հարությունյանը ձախողված «քաղաքական գործիչ» է: Եթե այդպես չէ, ապա ինչո՞ւ ոչ մի ոլորտում չկայացավ: Կներեք կայացավ, բայց բամբասանքի, հայհոյանքի, վիրավորանքի և զրպարտության իշխանությունում»:
ԵԿՄ Գորիսի տարածքային բաժանմունքի նախագահ
Ազատամարտիկ, փոխգնդապետ Սուրիկ Բաղդասարյան