Արցախյան ազատամարտի հերոս նահատակներից Մեխակ Մեխակյանի հայրը' Վալենտին Մեխակյանը, սաստիկ զայրացած, որ որդու հրամանատարի' ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի հասցեին օրերս զրպարտչական նյութ էր հրապարակվել, խոսքի իրավունք է խնդրել, ինչը մենք նրան տրամադրում ենք:
- Ես հպարտ եմ, որ ազգին Մեխակի նման հերոս զավակ եմ պարգևել: Իմ որդին արժանի է անգամ Հայաստանի Հանրապետության հերոսի կոչման: Մեխակը հենց հերոս է, և բոլորը գիտեն դա: Մեխակիս բարձր պաշտոնի էին նշանակել' ՆԳՆ 6-րդ գլխավոր վարչությունում բաժնի պետ: Սակայն, ընդամենը ինն օր մնաց նա Երևանում: Վերադարձավ դարձյալ առաջին գիծ և Թալիշի բարձունքի ազատագրման ժամանակ զոհվեց հրադադարի կնքումից 2 շաբաթ առաջ: Իմ հերոս զավակի անկեղծությանը, մաքրությանը երբևէ չեմ կասկածել և ուզում եմ բոլորին տեղեկացնել, թե ինչ էր պատմում Մեխակը գեներալ Մանվել Գրիգորյանի մասին: Մեխակս պատմում էր, որ հրամանատարը երբեք դիակներ չի թողել մարտի դաշտում, թույլ չի տվել, որ թեկուզ մեկ զոհվածի դիակ մնա թուրքերին: Մեխակս համոզված ասում էր, որ եթե չլիներ Մանվել Գրիգորյանը, Հադրութի Էդիլլու ձորակի բոլոր գյուղերը էվակուացված, թուրքին հանձնված կլինեին:
Ոմանք փորձում են Մանվել Գրիգորյանին հակադրել այլ հրամանատարների: Մի փորձեք իրար դեմ հրահրել մարտական ընկերներին: Բայց ես մի քանի ակնհայտ փաստ մատնացույց կանեմ: Այդ ո՞ր ջոկատը, ռազմական միավորումը կամ զորամասն է, որ պատերազմի ժամանակ միմիայն նվաճել ու ազատագրել է, երբեք քայլ հետ չի արել, երբեք թիկունքը ցույց չի տվել թուրքին: Մանվել Գրիգորյանն այդպիսի հրամանատար է եղել: Բացի Մանվել Գրիգորյանից, այդ ո՞ր հրամանատարն է, որ այսօր էլ անընդհատ այցելում է ազատագրված տարածքներ, հետաքրքրվում է վիճակով, փորձում օգտակար լինել ամեն ինչով: Մի մոռացեք, որ այսօր Մանվել Գրիգորյանի նախաձեռնությամբ ակտիվորեն գործում են երիտասարդ երկրապահ և պատանի երկրապահ կառույցները: Ես ներկա եմ եղել մարտի 5-ին Եռաբլուրում պատանի երկրապահների երդման արարողությանը: 3 000 պատանի երդվեցին Սպարապետի առաջ, Մեխակիս առաջ, մյուս նահատակ քաջերի առաջ: Գեներալը նրանց ողջունեց և երկրապահի կոչում տվեց: Դուք սրանից էնյան էլ ի՞նչ եք ուզում, չե՞ք տեսնում այս մարդու ամենօրյա աշխատանքը:
Մոռացե՞լ եք, որ Մանվել Գրիգորյանն այն հրամանատարն է, որ լինելով պաշտպանության փոխնախարար, Հայաստանում անցկացված ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ ոտքի չկանգնեց Թուրքիայի օրհներգի հնչյունների ներքո:
Մանվել Գրիգորյանը հաղթանակի և անկախության խորհրդանիշ էր դեռ պատերազմի ժամանակ: Թուրքը վախենում էր, սարսափահար փախչում, երբ իմանում էր, որ իր առջև Մանվել Գրիգորյանն է կանգնած: Հիմա հայ ազգի թշնամիներն ուզում են մեր այս արժեքները կորցնե՞նք: Չէ՞ որ այսպես սպառնալիք ենք ստեղծում մեր ազգային անվտանգությանը: Երբ Մանվել Գրիգորյանի հասցեին ենք այստեղ զրպարտություններ տարածում, ուրախացնում ենք թուրքին, թուրքի զորքին ենք ոգևորում: Նման ներքին դավաճանների պատճառով է, որ թուրքն ակտիվացել ու սահմանին հայ զինվորի է սպանում:
Չի´ կարելի: Դադարեցրե´ք հայակործան քարոզչությունը: Հասկացեք, որ նման վայրահաչությունների պատճառով ամեն օր սահմանին կորուստներ ենք ունենում: