Ուկրաինայի «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն այն կարծիքին է, որ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի կայացած ստորագրումը նշանակում է, որ «Ուկրաինան վերադառնում է եվրոպական ընտանիք»: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությանը:

 

«Այսօր ստորագրվել է ԵՄ-ի հետ Ուկրաինայի ասոցացման մասին համաձայնագրի քաղաքական մասը: Դա Մայդանի երկրորդ հաղթանակն է»,-գրել է Տիմոշենկոն Twitter սոցիալական ցանցի իր էջում:

 

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը ինչպես հանրապետության, այնպես էլ Եվրոպայի համար պատմական է համարել Ասոցացման մասին համաձայնագրի քաղաքական մասի ստորագրման պահը:

 

Փաստաթղթի ստորագրման նախօրյակին Ուկրաինայի վարչապետը հավաստել է, որ Ուկրաինայի վերջնական նպատակը լիիրավ անդամակցությունն է Եվրամիությանը:

 

Ուկրաինայի և Եվրամիության միջև ասոցացման համաձայնագիրը սկզբնապես պլանավորվում էր կնքել «Արևելյան գործընկերության»՝ 2013 թվականի նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում նշանակված գագաթնաժողովում: Սակայն դրանից ուղիղ մեկ շաբաթ առաջ Ուկրաինայի նախարարների կաբինետը՝ Նիկոլայ Ազարովի գլխավորությամբ, կասեցրեց փաստաթուղթն ստորագրման նախապատրաստելու գործընթացը:

 

Այդ որոշումից հետո Ուկրաինայում սկսվեցին ընդդիմության զանգվածային ելույթները, որոնք վերաճեցին իրավակարգի ուժերի հետ կատաղի բախումների և հանգեցրին իշխանափոխության: