Նախագահի թեկնածու, անկուսակցական Վարդան Սեդրակյանը շարունակում է պնդել, որ ինքը չունի մրցակից, պարտվելու սցենար չի նախատեսում: Նա համոզված է, որ ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանն ընտրակաշառք չի բաժանելու, ավելին՝ հնարավոր է՝ ինքնաբացարկ հայտնի, բնականաբար՝ հօգուտ իր թեկնածության:

«Ես շատ չեմ զարմանա, եթե Սերժ Սարգսյանն ինքնաբնացարկով դուրս գա: Այն ծրագիրը, որը ես առաջարկել եմ, որ երեք նախագահները լինելու են իմ խորհրդականները, համենայնդեպս, երկու նախագահի համաձայնությունն արդեն կա: Իրենք չառաջադրվելով՝ խոչընդոտներ չստեղծեցին իմ ճանապարհին: Պետք չէ, որ անպայման նստենք ինչ-որ տեղ, ինչ-որ սրճարանում կամ օֆիսում պայմանավորվենք, կարելի է նաև հայտարարություններով: Ոնց եք ասում, հիմա էդպիսի բառ կա, մեսիջներով կարելի է իրար հասկանալ: Մնացել է Սերժ Սարգսյանը, ինքն էլ ինձ թվում է կամ ինքնաբացարկով դուրս կգա, կամ էլ քաղաքակիրթ ընտրություններով կպարտվի»,- ասում է նախագահի թեկնածուն:

168.am-ի այն հարցին, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանը նախագահի խորհրդականի աշխատանքը պետք է գերադասի նախագահի պաշտոնից, Վարդան Սեդրակյանը շեշտեց, թե այստեղ ամբիցիաների խնդիր չկա:

«Խնդիրները, որ կանգնած են պետության առաջ, և իրեն, և Ռոբերտ Քոչարյանին, և Լևոն Տեր-Պետրոսյանին առանձին-առանձին չի հաջողվել լուծել։ Այսինքն՝ այստեղ զուտ ամբիցիաների հարց չէ՝ ես նախագահ եմ, ինչու պիտի գնամ խորհրդական: Այն պարզ պատճառով, որ բոլորով ենք միավորվում այդ խնդիրը ուծելու համար: Դրանում ոչ մի վիրավիրական բան չկա, դա նույնիսկ պատվաբեր է, քան միայնակ, էդ հանրապետական «վզբռոդով» երկիրը թալանել»,- ասաց Վարդան Սեդրակյանը:

Նախագահի թեկնածուն բացատրեց նաև, թե ինչու այս անգամ ՀՀԿ-ն ընտրակաշառք չի բաժանելու: «Սերժ Սարգսյանը խնդիր չի դնում վերընտրվելու, որովհետև այն ծրագիրը, որ ես առաջարկում եմ, իրեն էլ է բավարարում: Իշխանությունը հանձնում են այն մարդուն, երբ ստանում են երկու կարևոր հարցի պատասխան՝պետության անվտանգություն, երկրորդն՝ իրենց անձնական անվտանգություն: Ես երկու կետով էլ իրենց պահանջները բավարարում եմ»,-ասաց 168.am-ի զրուցակիցը՝ հավելելով, որ երբ ինքը դառնա նախագահ, ոչ թե Արցախի տարածքների վերաբերյալ բանակցություններ կվարվեն, այլ Արցախը և ազատագրված տարածքները կդառնան Հայաստանի անբաժանելի մաս: Դա դե ամենը չէ. «Նախիջևանը հռչակվում է Հայաստանի անբաժանելի մաս, Ջավախքը միանում է Հայաստանին: Ո՞ր գործող նախագահը չի ուզենա նման տարբերակ»,-թվարկեց նա:

Վարդան Սեդրյակյանը, ինչպես իր առաջին ելույթների ժամանակ, նախագահի թեկնածու գրանցվելուց հետո ևս չի ցանկանում քննարկել ընտրությունների ելքի՝ իր համար վատագույն սցենարը:

«Եթեներ չկան, առավել ևս այս տոնական օրերին ոչ մի վատ սցենարներ չենք մտածում: Նման բան ուղղակի չի կարող լինել: Եթե մի բան չի լինելու, ինչի՞ մասին խոսենք»,-ասաց Վարդան Սեդրակյանը: