«Յոթի խմբի» երկրները «կասեցրել են իրենց անդամությունը» G8-ին՝ դրանով իսկ սառեցնելով այդ ձեւաչափը: Այդ մասին ասված է «յոթնյակի»՝ Հաագայում կայացած ոչ պաշտոնական հանդիպման արդյունքների վերաբերյալ ընդունված հայտարարության մեջ: «Ությակը» ձեւավորվել է «ընդհանուր արժեքների եւ ընդհանուր պատասխանատվության ըմբռնման հիման վրա», նշվում է փաստաթղթում: «Ներկա պայմաններում մենք չենք մասնակցի Սոչիի գագաթնաժողովին:
Մենք կկասեցնենք «ությակին» մեր մասնակցությունը, քանի դեռ Ռուսաստանը չի փոխել իր քաղաքականությունը, եւ քաղաքական կլիման չի վերադարձել այն վիճակին, որում «ությակը» հնարավոր է,- ասված է հայտարարության մեջ:- Բովանդակային քննարկումը շարունակելու համար մենք «յոթնյակի» կազմով հունիսին կհանդիպենք Բրյուսելում»:
Այդ ձեւաչափի կասեցման համատեքստում «Ութի խմբի» երկրները հրաժարվել են նաեւ ապրիլին Մոսկվայում G8-ի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը մասնակցելուց եւ հայտարարել են «փոխադարձ էներգաանվտանգությունը» ապահովելու նպատակով «յոթնյակի» կազմով էներգետիկայի նախարարների կոնսուլտացիաներ սկսելու մտադրության մասին:
Ամփոփիչ հայտարարության մեջ նշվում է, որ «Յոթի խմբի» երկրները Ուկրաինայի շուրջ հակամարտության սրվելու դեպքում կարող են ուժեղացնել պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ: Դրա հետ մեկտեղ «յոթնյակի» երկրները ողջունել են Ուկրաինայում ԵԱՀԿ-ի մոնիթորինգային առաքելությանը աջակցելու ՌԴ-ի որոշումը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: