Ես չգիտեմ լամ թե խնդամ, ընդդիմությունն Ազգային ժողովում ոչ թե լուրջ հարցեր է բարձրացնում, այլ փորձում է ամբոխ հավաքել: Այս մասին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն' Ազգային ժողովում Երևանում վճարովի ավտոկայանատեղիների, արագաչափերի և տեսախցիկների կիրառման հետ կապված խնդիրների ուսումնասիրության հանձնաժողով ստեղծելու նախագծի քննարկման ժամանակ:
«Ազատության ձայնով լսում եմ, որ ընդդիմադիրներն առաջարկում են' եթե կառավարությունը մինչև ապրիլի 28-ը հրաժարական տա, իրենք էլ հրաժարականի պահանջ չեն ներկայացնի...սա հավի ու կորեկի պատմությունն է դառնում, սա շահարկում չէ, սա ծես է, որ նաև անբնական է, ամեն երկուշաբթի պիտի մի անմտություն այստեղ ներկայացնեն, հետո բերեն երեք շաբաթ հետո նորից նույն ծեսին մասնակցենք»,-ասում է Սահակյանը:
ՀՀԿ խմբակցության ղեկավարը նկատեց, որ իհարկե կարող է մեկ առ մեկ պատասխանել բոլոր հարցադրումներին, բայց նկատեց, որ մարդու ուղեղը լվացքի մեքենա չէ' երբ ուզենա լվա, երբ ուզենա մզի:
«Ինչ կապ Ալեքսանդր Սարգսյանը, Գագիկ Բեգլարյանը այս հարցադրման մեջ... դուք խառնում եք ամեն ինչ… հլա քեզ նայի, որտեղից ես եկել, որ օջախից ես եկել, դուք հարց չեք բարձարցնում, ընդամենը փորձում եք ամբոխ հավաքել»,-ասելով սա' Գալուստ Սահակյանը սկսեց մանրամասն բացատրել ամբոխի ու ժողովրդի տարբերությունը' մեջբերելով Հովհաննես Թումանյանին, սակայն չնշելով, թե ում է մեջբերում.
«Վերջապես հասկացեք, որ ամբոխը դրական գործիք չէ, դրական գործիքը ժողովուրդն է , իսկ ձեր նպատակների համար դուք ժողովուրդ չեք կարող հավաքել: Իսկ ամբոխը վտանգավոր է, ամբոխը կործանեց Ուկրաինան»,- դիմելով ոչ իշխանական խմբակցություններին' ասաց Սահակյանը, ինչից հետո ԲՀԿ ողջ խմբակցությունը լքեց նիստերի դահլիճը' ելույթի ժամանակ: