Թուրք-սիրիական սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող հայաբնակ Քեսաբ բնակավայրի վրա տեղի ունեցող հարձակումները և Թուրիայի կողմից ահաբեկիչներին ցուցաբերվող աջակցությունը մեծ դժգոհություն են առաջացրել որոշ թուրք մտավորականների շրջանում: Ինչպես հաղորդում է թուրքական Demokrathaber.net-ը, այս կապակցութ յամբ իրենց կարծիքն են հայտնել հայտնի թուրք հրատարակիչ ու գրող Ռագըփ Զարաքոլուն և հրապարակախոս-գրող Սաիթ Չեթինօղլուն:

 

«Իրենց ջիհադականներ հայտարարող, այսպես կոչված, իսլամիստական խմբավորումները հեշտությամբ կարողանում են անցնել սահմանը: Ալ-Քաիդայի խմբավորմանը կից մի խումբ, հեշտությամբ անցնելով Անթաքիայի հետ սահմանը, սահմանի անմիջապես հակառակ կողմում գտնվող չնաշխարհիկ բնակավայրի' Քեսաբի վրա հարձակվեց: Քեսաբի յուրահատկությունը հայերով բնակեցված լինելն է: Այժմ Քեսաբը դափ-դատարկ է: Այնտեղ բնակվողները 1915 թվականից, ապա 1939 թվականից հետո կրկին հայտնվել են գաղթի ճանապարհին, պատսպարվել են Լաթաքիայում: Իսկ եթե ռմբակոծված սիրիական օդանավը այդ խմբերի' ս ահմանը հատելու և քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու նպատակո՞վ էր այնտեղ: Իսկ եթե այն կործանվեց այդ խմբավորումների մուտքն ավելի հեշտացնելու համա՞ր… Թուրքիայի Հանրապետությունն ասես իր վրա պարտավորվածություն վերցրած լինի հապշտապ փոխել Սիրիայի ներքին պատերազմի հետ կապված քաղաքականությունը»,- ասել է Զարաքոլուն:

 

Թուրք մյուս մտավորականը' Սաիթ Չեթինօղլուն, հայտնել է, որ Քեսաբում հայերի լքած տները թալանվում են: «Քեսաբում ընկերներ ունեմ: Մուսալեռցի պատմիչ Հակոբ Չոլաքյանը մնում է Քեսաբում: Մտահոգվում եմ ընկերներիս վիճակով: Քեսաբը երկրի երեսին իսկական դրախտ էր: Ի~նչ ափսոս, որ այս գեղեցկություններից ոչ մի հետք չի մնալու: Կան վկայություններ, որ թալանն իրականացվում է Թուրքիայից եկած միջոցներով»,- ասել է Չեթինօղլուն: Թուրք մտավորականը նշել է, որ եթե 1915 թվականին հայերի հարստությունը աչքի էր զարնել և Ցեղասպանության ժամանակ բռնագրավվել, ապա նույնը տեղի է ունենում նաև այս օրերին Քեսաբի հայերի դեպքում: «Պետք է ուշադրություն դարձնել 1915 թվականի Ցեղասպանությունից փրկված և Քեսաբում բնակվող հայ ժողովրդի դրամային: Պետք է հարցին պատասխանատու և նուրբ մոտենալ, նոր կոտորածներ պետք է չթույլատրվեն»,- ասել է նա:

 

Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումն սկսվել է մարտի 21-ին' Թուրքիայի սահմանի ութ կետերից: Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքում գրեթե բնակիչներ չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: Հայերի մեծամասնությունը ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքի մոտ գտնվող ազգային կառույցներում: Տեղի Հայկական շտապօգնության մարմինը Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպության հետ բնակիչներին ապահովել է անհրաժեշտ պարագաներով և սննդով: