Էլեկտրոնային կառավարումը թափանցում է Հայաստանի պետական կառավարման գրեթե բոլոր ոլորտներ: Այն կխնայի քաղաքացու ժամանակն ու ռեսուրսները: Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ (ԷԿԵՆԳ) ընկերությունը բջջային հեռախոսով էլեկտրոնային ստորագրությունն օգտագործելու հնարավորությունն ապահովելու համար բջջային օպերտորների հետ կատարում է բիզնես հնարավորությունների վերլուծություն և իրականացման պլանի մշակում, որն արձանագրել է էական առաջընթաց:

 

Բնակչության պետական ռեգիստրի (ԲՊՌ) բարեփոխման ծրագիրը վերջնական աշխատանքների փուլում է: Ինչպես «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան նշեցին ԷԿԵՆԳ ընկերությունից, ներկայում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ԷԿԵՆԳ ՓԲԸ-ն և Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտն իրականացնում են ԲՊՌ-ի արտադրական սարքավորումների արդիականացված ծրագրային ապահովման փորձարկման վերջնական աշխատանքները: Իրականացվող բարեփոխումները կնպաստեն ծառայությունների մակարդակի բարելավվմանն ու համակարգի հուսալիության, անվտանգության և հասանելիության բարձրացմանը:

 

ԷԿԵՆԳ ընկերության կողմից իրականացվող հաջորդ ծրագիրը, որը վերաբերում է էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրմանը, ևս իրականացման փուլում է: Մասնավորապես, Միասնական առողջապահական տեղեկատվական համակարգի(ՄԱՏՀ) ստեղծումն է հիմնական առաջնահերթությունից: Ներկայումս ԷԿԵՆԳ ՓԲԸ-ն, որպես նախագիծն իրականացնող մարմին, սերտորեն համագործակցում է «Էրիքսոն Նիկոլա Տեսլա» ընկերության հետ՝ ներդնելու առողջապահական տեղեկատվական համակարգը Հայաստանի Հանրապետությունում: Տվյալ պահին իրականացվում են ֆունկցիոնալ և տեխնիկական նախագծման աշխատանքները, ինչպես նաև հստակեցվում են անվտանգության, տվյալների ամբողջականության և համակարգի հուսալիության պահանջները: Ծրագրի նախատիպը նախատեսվում է իրականացնել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում և «Մուրացան» հիվանդանոցային համալիրի պոլիկլինիկայում։

 

Ընկերության կողմից իրականացվող ծրագրի' Գնումների էլեկտրոնային համակարգի (armeps.am) միջոցով տարեսկզբից արդեն անցկացվել է 500-ից ավելի մրցույթ, ինչն, իրականացնողների խոսքով, վկայում է գնումների էլեկտրոնային համակարգի արդիականացման և լիարժեք գործարկման մասին:

 

Հունվարից պետական մարմինները թե բաց ընթացակարգով և թե շրջանակային համաձայնագրով գնումները կատարում են էլեկտրոնային ձևով, ինչը հնարավորություն է ընձեռում պետական գնումներին մասնակցելու հայտերը և պահանջվող փաստաթղթերն ամբողջությամբ լրացնել և ուղարկել առցանց ռեժիմով:

 

ԷԿԵՆԳ-ը ստեղծվել է 2009 թվականին և հանդիսանում է միակ լիազորված ընկերությունը Հայաստանում, որը տրամադրում է թվային ստորագրություններ ֆիզիկական անձանց, ինչպես նաև զբաղվում էլեկտրոնային նույնականացման քարտերի և էլեկտրոնային առողջապահությանն առնչվող նախագծերի ներդրմամբ: 2013 թվականի դրությամբ էլեկտրոնային ստորագրություն ունի 60-70 հազար ՀՀ քաղաքացի: